Սարիկ Մինասյանին բարձր պաշտոն կտան, Ում ջանքերով է «ՋեյԼո»-ն գալիս Հայաստան․ Մամուլը՝ սուրճով

Սարիկ Մինասյանին բարձր պաշտոն կտան, Ում ջանքերով է «ՋեյԼո»-ն գալիս Հայաստան․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ապրիլի 7-ից համացանցում մեծ ֆուրոր է առաջացրել Ջենիֆեր Լոպեսի՝ «ՋեյԼո»-ի կայանալիք մենահամերգը Երեւանում։

Հանգամանքը, որ հանրային մեծ ճանաչում ունեցող ամերիկացի երգչուհին մենահամերգ է տալու ՀՀ-ում, հիանալի է, սակայն ինչքանով է փաստ, որ երգչուհին կգա Հայաստան, պարզ չէ, քանի որ նմանօրինակ դեպքի մեկ անգամ բախվել է Հայաստանի Հանրապետությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանում պետք է ելույթ ունենար մեկ այլ արտիստ՝ ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը, որի համերգն ի սկզբանե նախատեսված է եղել 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, որը հետաձգվեց, այնուհետեւ չեղարկվեց։

Սնուփ Դոգի պարագայում հայտնի էր, թե որ ընկերությունն է կազմակերպել ռեփերի համերգը Երեւանում, սակայն «ՋեյԼո»-ի դեպքում ամեն բան մշուշոտ է, եւ մինչ այս պահը պարզ չէ, թե ով է կազմակերպել երգչուհու համերգը։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ Կառավարության, Երեւանի քաղաքապետարանի հետ՝ պարզելու, թե ունեն այդ կառույցները որեւէ կապ «ՋեյԼո»-ի՝ Երեւանում կայանալիք համերգի հետ, թե ոչ. սակայն նշված բոլոր կառույցներից ստացանք ժխտողական պատասխան։

Նշենք, որ երգչուհու համերգը տեղի է ունենալու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում օգոստոսի 3-ին։

«Ժողովուրդ» օրաթերթը նույն հարցով կապ է հաստատել նաեւ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի ներկայացուցիչների հետ։ Մարզադաշտից փոխանցեցին, որ իրենք ոչնչից տեղյակ չեն։

Թե ո՞ւմ հովանավորությամբ, ջանքերով եւ/կամ հորդորով է «ՋեյԼո»-ն գալիս Հայաստան, պարզ չէ. մնում է միայն սպասել»։

 

«Հրապարակը» գրում է․ 

Չնայած Գյումրիում կրած պարտությանը, ՔՊ-ում արված վերլուծությունների արդյունքում եկել են եզրահանգման, որ վատ արդյունք չեն տվել՝ նախորդ ընտրությունների համեմատ մոտ 10 հազար ավել ձայն են հավաքել:

Սակայն ինքնամխիթարանքով զբաղված ՔՊ-ականները մոռանում են, որ 2021-ի ու 2025-ի ընտրությունների միջեւ էական տարբերություն կա, եւ ամեն տարի ՔՊ-ի վարկանիշն էականորեն նվազում է, դժգոհությունները` աճում։ Գյումրիում ստացած 36 տոկոսն էլ ոչ այնքան ՔՊ-ի, որքան իրենց թեկնածու Սարիկ Մինասյանի ձայներն են, եւ եթե ՔՊ հին կազմից որեւէ մեկն առաջադրվեր, դա էլ չէին ստանա։

Սա թերեւս հասկանում են նաեւ ՔՊ վերնախավում, ուստի որոշել են պաշտոնից զրկված, իր կենսագրությունը ՔՊ-ի հետ կապած Սարիկ Մինասյանին անգործ չթողնել եւ նրան մի լուրջ պաշտոն տալ: Խոսվում է այն մասին, որ նրան հնարավոր է նշանակեն մարզպետի պաշտոնում: Սա արվում է նաեւ այն հույսով, որ առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ այդ նշանակումը ՔՊ-ի օգտին կաշխատի, եւ կկարողանան ոչ միայն Գյումրիում, այլեւ Շիրակի մարզում ձայներ հավաքել։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սնուփ Դոգի ձախողված համերգային ծրագիրը, որն այդպես էլ չի կայանա, դարձել է պատուհաս ԿԳՄՍՆ-ի եւ Կառավարության գլխին։

Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) հայաստանյան մենահամերգը պետք է կայանար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, սակայն այն հետաձգվեց։ Բազմաթիվ հայ երկրպագուներ սրտատրոփ սպասում էին այդ իրադարձությանը, անգամ շատերն էլ հասցրել էին գնել համերգի տոմսերը։

2023 թվականի սեպտեմբերի 23-ից հետո «Դոփինգ Սփեյս» ընկերությունն այդպես էլ չհայտնեց, թե երբ տեղի կունենա ռեփերի համերգը Հայաստանում։

ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել էր 2 մլրդ 318 մլն 596 հազար 800 դրամ գումարի պայմանագիր, ինչն էլ հավասար է 6 միլիոն դոլարի։ Այդ գումարը նույն տարվա օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել էր։

Վճարումից մոտ 1 տարի անց հայտնի դարձավ, որ ռեփերը այդպես էլ չի գա Հայաստան։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ պետությունը ոչ մի կերպ չի կարողանում վերադարձնել վատնված գումարները։ Ռեփերը, ասես գումարներով հանդերձ, անհետացել է։

Կառավարությունն աննպատակ ծախսել է 2 մլրդ դրամ, սակայն արցախահայերի կացության «40+10» աջակցության ծրագիրը կրճատում է անհիմն եւ չպատճառաբանված պատրվակներով։

Ստացվում է, որ Սնուփ Դոգը «գցել է» Կառավարությանն ու անհետացել, իսկ ՀՀ Կառավարությունն էլ փորձում է գումարները հավաքել՝ առանց դրանք ծախսելու»։