Ադրբեջանը պատրաստվում է ՀՀ-ի դեմ նոր ռազմական ագրեսիայի․ ՆԳ նախարարի տեղակալի ելույթը Վիեննայում

Ադրբեջանը պատրաստվում է ՀՀ-ի դեմ նոր ռազմական ագրեսիայի․ ՆԳ նախարարի տեղակալի ելույթը Վիեննայում

Սեպտեմբերի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Վիեննայում մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։

ԱԳ նախարարի տեղակալը ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 9 ամիս շարունակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար ճգնաժամի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից անվտանգային իրավիճակի լարմանն ուղղված գործողությունների վրա։

«Լեռնային Ղարաբաղի շրջափակումը հայերի դեմ տասնամյակներ շարունակվող ատելության հրահրման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականության, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների ավելի լայն պատկերի և էության մի մասն է, որոնք ցեղասպանական մտադրության նախազգուշացող նշաններ են», - նշել է Վահե Գևորգյանը։

Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգային իրավիճակին՝ ԱԳ Նախարարի տեղակալը դատապարտել է Ադրբեջանի կողմից ՀՀ հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով իրականացվող անձնակազմի, հարձակողական սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժերն և կուտակումները։ Նա ընդգծել է, որ այս գործողությունները ոչ այլ ինչ են, քան ուժի սպառնալիք, ինչը վկայում է, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր ռազմական ագրեսիայի։

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության  հաստատմանը՝ ընդգծելով, որ այն հնարավոր Է կյանքի կոչել միայն ուժի կամ դրա ապառնալիքի և մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումների բացառման պայմաններում: