Դուդուկահար Արսեն Պետրոսյանը Ֆրանսիայում ներկայացրել է Հայաստանն ու հայկական դուդուկը

Երիտասարդ դուդուկահար Արսեն Պետրոսյանը Ֆրանսիայում անցկացված հեղինակավոր Un Violon sur le Sable փառատոնին ներկայացրել է Հայաստանն ու հայկական դուդուկը։
Փառատոնին ներկա է եղել մոտ 40 հազար հանդիսատես, որոնք մեծ ջերմությամբ են ընդունել Հայաստանից ժամանած դուդուկահարին։
Արսենը ծնունդով Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից է, արմատներով՝ Ջավախքից։ MediaHub-ի հետ զրույցում նա պատմեց, որ Un Violon sur le Sable փառատոնը Եվրոպայում դասական երաժշտության թերևս ամենամեծ փառատոններից է, Ատլանտյան օվկիանոսի ափին են հավաքում բեմը, սովորաբար 50-60 հազար հանդիսատես է լինում, բայց այդ օրը քամի էր, և մոտ 40 հազար մարդ է եղել ներկա։
«Ես որպես մենակատար էի հրավիրված, չորս մենակատար էինք՝ երգչուհի, դաշնակահարուհի, պարուհի ու ես՝ որպես դուդուկահար։ Հայաստանից միայն ես էի հրավիրված»,- ասաց Արսենը։
Նա նշեց, որ իր մասին տեղեկացել ու իրեն այդ հրավերն ուղարկել են՝ համացանցում իր գործունեությանը ծանոթանալով և միջազգային ասպարեզում իր ակտիվության շնորհիվ։
Հայաստանի կառավարությունից և, մասնավորապես, ԿԳՄՍ նախարարությունից, ըստ Արսենի, որևէ աջակցություն, որևէ միջամտություն չի եղել այսօրինակ փառատոններին մասնակցության հարցում՝ ամեն իր անձնական աշխատանքի արդյունքն է։
Արսեն Պետրոսյանը փառատոնին հանդես է եկել Հանս Ցիմերի ստեղծագործություններից մեկով՝ «Dune» ֆիլմի երկրորդ մասի soundtrack-ով, որտեղ հիմնական գործիքը դուդուկ է։
«Դա իրենց խնդրանքով է եղել, որ հենց այդ գործով հանդես գամ: Եւ հանդիսատեսի կողմից շատ լավ ընդունվեց իմ կատարումը, հոտնկայս ծափահարություններ եղան նույնիսկ, այսինքն՝ մեծ հաջողություն էր ինձ համար ներկայանալ այդքան մեծ աուդիտորիայի առջև»,- ասաց Արսեն Պետրոսյանը։
Վահե Մակարյան