Երեկ գիշերվանից տարբեր տրամաչափի ՔՊ-ականներ հանդես են գալիս գրառումներով, որ «ջախջախեցին» այն ուժերին, որոնք մասնակցում էին Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին։ Իհարկե, շատ ավելի գերադասելի կլիներ, որ նրանք ջախջախեին Արցախն ու Հայաստանի ինքնիշխան տարածքներն օկուպացրած թշնամիներին, բայց հետևողական ստորացումներից ու պարտություններից հետո մի փոքր հաղթանակը նույնպես կարող է նրանց քաջալերել, հատկապես, որ այն հող է նախապատրաստում «ջախջախել» ՔՊ-ական մյուս «թշնամուն»՝ Հայ Առաքելական Եկեղեցին։
Սակայն քաղաքական տգիտության պատճառով չեն կարողանում գիտակցել, որ նման գրառումներով իրենք վիրավորում են վաղարշապատցիների մեծամասնությանը, բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են այլ ուժերի թեկնածուներին ու նրանց, ովքեր չեն մասնակցել ընտրություններին։ ՔՊ-ն հերթական անգամ հանրությանը բաժանեց սև ու սպիտակների ու ընտրություններում գրանցած արդյունքները համարեց փոքրամասնության ջախջախում՝ մեծամասնությանը։
Սակայն Վաղարշապատի ընտրություններն այն եզակի դեպքերից մեկն է, երբ պարտվեցին նաև հաղթողները, այսինքն՝ ՔՊ-ին ձայն տված վաղարշապատցիները։ Առաջին վիրավորանքը նրանց հասցրեց հենց Նիկոլ Փաշինյանը առավոտյան իր գրառմամբ, որը շղթայական ռեակցիայով սկսեց իր արտացոլումը գտնել նաև այլ ՔՊ-ականների մոտ։
Թերևս գաղտնիք չէ, որ ՏԻՄ ընտրություններն իրենց տրամաբանությամբ ու մոտիվացիաներով էականորեն տարբերվում են համապետական ընտրություններից։ ՏԻՄ ընտրությունները քաղաքացիների համար շատ ավելի շոշափելի են, առարկայական ու շատ ավելի անձնավորված, քան համապետական ընտրությունները։ Գուցե շատերին պարադոքսալ թվա, բայց շատ հաճախ քաղաքացիները կարող են իրենց ձայնը տալ որևէ ուժի թեկնածուին, բայց միաժամանակ մերժել նրա ներկայացրած քաղաքական ուժին ու հակառակը։ Հետևաբար, Արգիշտի Մեխակյանի հաղթանակը Վաղարշապատում ամենևին չի նշանակում ՔՊ-ի ու նրա «գաղափարախոսության» հաղթանակ։
Հասկանո՞ւմ է այդքանը Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, բայց բացարձակ չի խորշում մանիպուլացնելու իրականությունը։ Եթե իր թիմակիցները գործում են տգիտությամբ՝ նա ամեն ինչ անում է մտածված։ Հետևաբար նա առավոտյան ամենախորը վիրավորանքը հասցրեց Արգիշտի Մեխակյանի ընտրողներին՝ հայտարարելով, որ նրանք իրեն նոր լիցք հաղորդեցին իր կողմից Հայ Առաքելական Եկեղեցու վրա գրոհը շարունակելու գործին։ Իրականում այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանին նման մանդատ չեն տվել, այլ պարզապես տարբեր պատճառներով իրենց ձայնը տվել են Արգիշտի Մեխակյանին։ Նրանք ուղղակի ցանկացել են, որ իրենց համայնքի ղեկավարը լինի Արգիշտի Մեխակյանը՝ առանց որևէ ցանկություն ունենալու «ջախջախել» մյուսներին կամ Վեհափառի վրա հարձակման համար Նիկոլ Փաշինյանին որևէ լիցք հաղորդել։
Սակայն Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողնում, որպեսզի վաղարշապատցիներին օգտագործի իր ստոր նպատակների համար ու պատասխանատվությունը բարդի նրանց ուսերին։ Տվյալ պահին վաղարշապատցիները Նիկոլ Փաշինյանի համար ճիշտն այնպիսի «թնդանոթի միս» են, ինչպիսին մեր նահատակված շուրջ 5 հազար հայրենակիցներն էին, որոնց զոհեց միայն նրա համար, որ իրեն դավաճան չասեն։ Յուրաքանչյուր վաղարշապատցի, այդ թվում Արգիշտի Մեխակյանը Նիկոլ Փաշինյանի զոհերն են ու Արգիշտի Մեխակյանն առաջինն ինքը չպետք է թույլ տա ՔՊ-ականներին ու Նիկոլ Փաշինյանին վիրավորել ոչ միայն այն մարդկանց, ովքեր ընտրել են իրեն, այլև նրանց, ովքեր ընտրել են ուրիշներին, միաժամանակ նաև նրանց, ովքեր ընդհանրապես չեն մասնակցել ընտրություններին։
Կարեն Կարապետյան
