Տավուշի սահմանապահները զգոն են, կուտակումներ կան. ի՞նչ է հայտնի

MediaHub-ն արդեն մի քանի օր է գրում է, որ սահմանային գոտու լարվածություն ու կրակոցներ կան ոչ միայն Սյունիքում, այլ նաև Տավուշում է լարված իրավիճակը։ Ադրբեջանի կեղծ «խաղաղությունը» կրակոցներով և կուտակումներով է ուղեկցվում, ՀՀ կառավարությունից՝ զրո արձագանք։ Մինչդեռ, ադրբեջանցիներն իրենք կրակում են, մի հատ էլ հաղորդագրություն տարածում, թե հայկական կողմն է կրակել ու խախտել հրադադարը։
Ավելի վաղ այսօր MediaHub-ը գրել էր, որ, 2-րդ օրն է, լարված է հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի և Սյունիքի ուղղությունները, «Մեհրաբ»-ի դիրքի ուղղությամբ ադրբեջանցիների կուտակումներ են, մեր կողմից համար 1 է տված։
Ի՞նչ իրավիճակ է Կիրանցի ու Ոսկեպարի հատվածում․ MediaHub-ը զրուցեց տավուշցի բնակչի հետ, ով նշեց, որ ոչ միայն կուտակումներ կան, այլ սահմանապահների շրջանում տրված է զգոնության կոչ, հնարավոր է, որ հարձակում կամ սադրանք լինի։
«Կուտակումները նկատելի չեն, բայց, այո, կան կուտակումներ։ Երևացող տեղերում մենք չենք տեսնում, բայց բոլորն էլ արդեն հասկանում են, որ կուտակումներ կան։ Անգամ ներքին խոսակցություն կա սահմանապահների շրջանում, որ տրված է զգոնության կոչ, հնարավոր է` հարձակում կամ սադրանք լինի, հնարավորինս շուտ նկատելու համար»,- նշեց տավուշցի մեր զրուցակիցը։
MediaHub-ի տեղեկություններով` այս տարի Կիրանցում, Ոսկեպարում չեն իրականացրել գարնանացան, վախենում են, քանի որ սահմանին մոտ է։
«Այո, գարնանացան չի իրականացվել, տարածք էլ, մեծ հաշվով, չի էլ մնացել, ոռոգվող տարածքների մեծ մասը հանձնվել է թշնամուն։ Իսկ որ տարածքներն էլ մնացել են, որի վրա պետք է գարնանացան անեին, խիստ սահմանային են դարձել, դաշտերում աշխատելն ոչ միայն վտանգավոր է, այլ նաև հաճելի էլ չի մի քանի տասնյակ մետրի վրա, թշնամու աչքի առաջ գյուղատնտեսությամբ զբաղվելը»,– ասաց մեր զրուցակից Կարենը։
Նա նաև հավելեց․ «Մարդկանց մեջ այդպիսի խուճապ չկա, սակայն, ավելի են զգոնացել, ավելի պատրաստ են գործողության ցանկացած պահի, տարածքից շատ չենք հեռանում»։
Մարիաննա Արամյան