Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է ռուսական ակտիվների առգրավման և պատժամիջոցների խստացման ծրագրերը

Միացյալ Թագավորության նոր կառավարությունը, որը ձևավորվել է հուլիսի 4-ին խորհրդարանական ընտրություններում Լեյբորիստական կուսակցության հաղթանակից հետո, աշխատում է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների խստացման և ռուսական ակտիվների բռնագրավման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Կառավարության ղեկավարի պաշտոնում առաջին անգամ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում՝ նա շնորհակալություն է հայտնել հիմնական կողմերին Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հարցում «միասնական դիրքորոշման համար»:
«Սա կարևոր խնդիր է, որի շուրջ մենք կարող ենք առաջընթաց գրանցել: Գանձապետարանի կանցլերը [Ռեյչել Ռիվզը] արդեն սկսել է քննարկումներ ունենալ այն մասին, թե ինչպես մենք կարող ենք բարելավել այդ միջոցառումների ազդեցությունը», - ասաց Սթարմերը՝ հավելելով, որ Լոնդոնը կաշխատի այդ ուղղությամբ։
Վարչապետը նաև ասել է, որ Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարին։ Նրա կարծիքով, Ռուսաստանը չի կարող արգելափակել Կիևի անդամակցությունը դաշինքին, այս հարցը կորոշեն կազմակերպության անդամ երկրները: Բացի այդ, Սթարմերն ընդգծել է, որ Լոնդոնը կհամոզի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, այդ թվում՝ Գերմանիային, Ուկրաինայի իշխանություններին տրամադրել լրացուցիչ սպառազինություն, այդ թվում՝ հեռահար հրթիռներ։