Փաշինյանի վա բանկը

Երեկ կեսօրին Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հերթական, բայց կարելի է ասել ՝ սկանդալային ուղերձով, որը կարող է էական շրջադարձ ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության, ներքաղաքական զարգացումների վրա:
«Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել»,- ասել է Նիկոլ Փաշինյանն, ըստ էության՝ առանց անուն տալու ակնարկելով, որ Ռուսաստանը դարձել է Հայաստանի պետականության թիվ մեկ թշնամին:
Այս նոր «բացահայտումն» անելուց հետո Փաշինյանը ներքաղաքական դաշտում դիրքավորել է իրեն. «Հայաստանը լինելու է ազատ, ինքնիշխան, ժողովրդավարական պետությո՞ւն, թե՞ վախվորած ծայրագավառ. արդեն բաց և թափանցիկ այս ընտրությունն է դրվում Հայաստանի ներքաղաքական դաշտում: Ես ՀՀ վարչապետն եմ, հետևաբար առաջնորդում եմ անկախության պաշտպանության շարժումը, եթե չլինեի վարչապետ որպես քաղաքացի կգնայի Հայաստանի անկախության պաշտպանության շարժումն առաջնորդող վարչապետի հետևից՝ իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց լինելու է»:
Հայաստանի փաստացի վարչապետը հերթական հակառեկորդը սահմանեց. ինչպես պատերազմի ժամանակ բանակը վերածեց ֆիդայական ջոկատների, այնպես էլ հիմա պետությունը վերածում է շարժման: Հինգ տարի առաջ Փաշինյանը սպառնում էր, թե կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Հիմա դարձյալ շանտաժ է անում՝ կա՛մ ինքը կմնա վարչապետի պաշտոնում, կա՛մ Հայաստան չի լինի:
Սա սովորական ավտորիտարիզմ է. իշխանությունները պետական մակարդակով «գործակալ» կամ «5-րդ շարասյուն» են հռչակում Փաշինյանի բոլոր ընդդիմախոսներին՝ փաստացի վարչապետին նույնացնելով պետության հետ:
Սակայն կատարենք ամենավտանգավոր արձանագրումը՝ Հայաստանը կանգնած է քաղաքացիական բախումների ու կապիտուլյացիայի շեմին:
Վահրամ Բագրատյան