Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը․ կան այլ մեղադրյալներ ևս

Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը, որը մինչ այդ Աբովյանի քաղաքապետն էր։ Նա վերջերս էր ազատվել զբաղեցրած պաշտոնից, երբ Գնել Սանոսյանի փոխարեն նախարար նշանակվեց Դավիթ Խուդաթյանը։
Օրեր առաջ MediaHub-ը զրուցել էր Գևորգյանի հետ, և վերջինս մեզ վստահեցրել էր, որ որևէ խնդիր չի եղել, սեփական դիմումի համաձայն է ազատվել, պարզապես նախարարը փոխվել է, և իրենք համերաշխ, առանց որևէ խնդրի բաժանվել են։ Հիմա, պարզվում է, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող ինչ-որ կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակներում երկու օր առաջ ձերբակալվել է Գևորգյանը։
Կոմիտեից հաստատեցին, որ նա այս պահին ունի մեղադրյալի կարգավիճակ, և, որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Վահագն Գևորգյանից բացի գործով կան նաև այլ մեղադրյալներ։
Հակակոռուպցիոն կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին։
Հիշեցնենք, Վահագն Գևորգյանը Ջրային կոմիտեի նախագահ էր նշանակվել 2021թ. դեկտեմբերի 17-ին։
Վահե Մակարյան