ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը միջազգային հանրությանը զգուշացրել է «միջուկային հոլոքոստի» մասին, քանի որ աշխարհը «ավելի մոտ է, քան երբևէ, միջուկային ոչնչացման եզրին»։
Նա երեքշաբթի օրը X-ում հրապարակել է երեք րոպեանոց տեսանյութ, որում պատմել է իր՝ վերջերս Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք կատարած այցի մասին, որը 1945 թվականի օգոստոսին ենթարկվել էր ամերիկյան ատոմային ռմբակոծության։
Գաբարդը խոսել է միջուկային հարձակման հետևանքների մասին և ցուցադրել հարվածի զոհերի արխիվային կադրեր։ Քանի որ ժամանակակից միջուկային զենքը շատ ավելի հզոր է, քան այն, ինչ Միացյալ Նահանգներն օգտագործել է 1945 թվականին, նա ընդգծել է, որ «մեկ միջուկային մարտագլխիկն այսօր կարող է միլիոնավոր մարդկանց սպանել ընդամենը մի քանի րոպեում»։
«Սա է իրականությունը, թե ինչ է վտանգված, ինչի հետ մենք բախվում ենք հենց հիմա», - ասել է Գաբարդը։ «Որովհետև այսօր, երբ մենք բոլորս ավելի մոտ ենք, քան երբևէ, միջուկային ոչնչացման եզրին, քաղաքական էլիտայի պատերազմ հրահրողները անզգուշորեն վախ և լարվածություն են սերմանում միջուկային տերությունների միջև»։ Նա ասել է, որ հզորները կարծում են, որ իրենք հասանելիություն ունեն «միջուկային ապաստարաններին» և, հետևաբար, որևէ հետևանքներ չեն կրի։
«Մեզանից՝ ժողովրդից է կախված կանգնել և պահանջել այս խելագարության վերջը։ Մենք պետք է մերժենք միջուկային պատերազմի այս ուղին և աշխատենք ստեղծել մի աշխարհ, որտեղ ոչ ոք չի ապրի միջուկային հոլոքոստի վախով», - ընդգծե; է Գաբարդը, որը համակարգում է ԱՄՆ բոլոր 18 հետախուզական գործակալությունները։