Ֆրանսիան կօգնի Պաղեստինի ինքնավարությանը մշակել ապագա պետության սահմանադրությունը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ բանակցություններից հետո։
Մի շարք արևմտյան երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, սեպտեմբերին պաշտոնապես ճանաչել են Պաղեստինի պետությունը։ Իսրայելը մերժում է դրա ստեղծման գաղափարը։
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան և Պաղեստինի ինքնավարությունը, որը սահմանափակ ինքնակառավարում ունի Արևմտյան ափին, կստեղծեն համատեղ կոմիտե՝ Պաղեստինի նոր սահմանադրությունը մշակելու համար։ «Այս կոմիտեն պատասխանատու կլինի բոլոր իրավական ասպեկտների՝ սահմանադրական, ինստիտուցիոնալ և կազմակերպչական, վրա աշխատելու համար», - լրագրողներին ասել է նա։
Մակրոնի խոսքով՝ Աբբասն արդեն նրան ներկայացրել է Սահմանադրության նախագիծը։ Կողմերը նախատեսում են ավարտին հասցնել Պաղեստինի պետության ստեղծման բոլոր պայմանները։
Աբբասը, իր հերթին, հայտարարել է, որ պաղեստինյան կողմը հավատարիմ է երկխոսության և խաղաղության մշակույթին և ցանկանում է ստեղծել «ժողովրդավարական, անզեն պետություն, որը հավատարիմ է օրենքի գերակայությանը, թափանցիկությանը, արդարադատությանը, բազմակարծությանը և իշխանության ռոտացիային»։
Նա հավելել է, որ գնահատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և գլոբալ գործընկերների ջանքերը՝ Գազայի հատվածում մարտական գործողությունները դադարեցնելու և հաջորդ փուլ անցնելու՝ զինաթափելով զինյալ խմբավորումներին, այդ թվում՝ «Համաս»-ին, ամրապնդող խաղաղություն հաստատելու ուղղությամբ։
