Շարժման մարո՞ւմ, թե՞ նոր փուլ

«Վաղվանից Բաղրամյան փողոցի մեր այս ավանը պետք է դուրս գա, որովհետև մեր 4-օրյա գործընթացն ավարտված է։ Ուրբաթ, շաբաթ, կիրակի մենք պետք է հանդիպենք տարբեր քաղաքական ուժերի հետ։ Ես ուզում եմ մեր ամբողջ Շարժումը վերադասավորել և առաջիկա ժամանակաշրջանը դարձնել ավելի մեծ ու ընդգրկուն և Շարժումը հասցնել հաղթական ավարտի»,- երեկ կայացած հանրահավաքում հայտարարել է Բագրատ Սրբազանը:
Հանրահավաք նշանակված է նաև հունիսի 17-ին, սակայն դա ավելի շուտ ավարտվող փուլի ավարտն է, քան նորի մեկնարկը: Ակնհայտորեն այդ օրն արտահերթ նիստ չի կայանալու, և ԱԺ շենքը տրամաբանորեն չի կարող դառնալ քաղաքական պայքարի կիզակետ:
Հոռետեսները կարող են արձանագրել, որ շարժումը մարեց, ու հավանաբար շատերի մոտ այս արձանագրումը հիասթափություն կառաջացնի:
Սակայն ամեն ինչ այդքան պարզունակ չէ, այս շարժումը իշխանության և անվտանգային ճգնաժամերի ծնունդ է: Այդ ճգնաժամերը որևէ տեղ չեն անհետացել, ըստ այդմ՝ շարժման մարման մասին խոսակցությունները ժամանակավրեպ են:
Քաղաքական յուրաքանչյուր գործընթաց ունենում է վերելքի և անկման, ակտիվ և դադարի փուլեր:
Սկզբունքորեն դադարի փուլը հենց նրա մասին է, որպեսզի կապիտալիզացվեն այդ պահին արձանագրված հաջողությունները, դրանք ամրագրվեն ինստիտուցիոնալ հողի վրա՝ նախապատրաստելու համար գործընթացի հաջորդ փուլը, որի մեկնարկը, հավանաբար, կլինի աշնան սկիզբը:
Վահրամ Բագրատյան