Հայաստանի քաղաքական դաշտի առանձնահատկություններից մեկն աշնան սպասելն է: Դա տարիներով ձևավորված ավանդույթ է՝ ամբողջ ամառ կանխատեսել, որ աշունը թեժ է լինելու, և սեպտեմբերից կյանքը եռալու է:
Հետևելով ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին, կարելի է ենթադրել, որ խորհրդարանական ընդդիմությունը իսկապես որոշել է ակտիվացնել խորհրդարանում իր գործունեությունը: Ընդդիմության ամենապասիվ ներկայացուցիչներից մեկը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն այսօր ուղղակի հարցախեղդ արեց կառավարության ներկայացուցիչներին, նյարդայնացրեց ՔՊ-ական Եղոյանին, ով ինքն էլ նկատեց, որ ուրիշ ոչ մի տեղ Արմեն Գևորգյանն այսքան չի խոսում:
Եվ իսկապես. Արմեն Գևորգյանն այն պատգամավորներից է, որի ձայնը ԱԺ-ում վերջին տարիներին գրեթե չի լսվել: Նա խուսափում է հարցազրույցներից, մեկնաբանություններ չի տալիս, լրագրողների հետ չի շփվում, խորհրդարանական ակտիվությունն էլ հիմնականում արտահայտվում է ԵԽԽՎ լիագումար նիստերին ելույթներով կամ վեհաժողովի ընթացիկ աշխատանքներին մասնակցությամբ:
Ուստի այսօր, երբ ժամուկես տևած նիստի կեսից ավելին միայն Արմեն Գևորգյանն էր հարցեր տալիս, պարզաբանում պահանջում կառավարության ներկայացուցիչներից, փորձում պարզել, թե քննարկվող հարցը ինչպե՞ս է պաշտպանելու ՀՀ քաղաքացիների իրավունքները ԵՄ-ում, բառիս բուն իմաստով նեղը գցում իշխանության ներկայացուցիչներին և այլն, սա իսկապես արտառոց իրավիճակ է:
Ավելին, բանը հասավ նրան, որ հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Արման Եղոյանը հետաքրքրվեց ընդդիմադիր խմբակցության պատգամավորից, թե դեռ շա՞տ հարցեր ունի ու նկատեց, որ երբևէ նման ակտիվություն չի նկատել: Նրա նյարդերը ի վերջո տեղի տվեցին և անվերջ հարցուպատասխանների արանքում նա ուղղակի խնդրեց Գևորգյանին «լռել ու լսել», այլ ոչ անվերջ հարցեր տալ: Եղոյանը նաև մեղադրեց վերջինիս, թե մանիպուլացիայի է գնում, բայց ընդհանուր առմամբ նիստի գերակշիռ մասը նվիրված էր Արմեն Գևորգյանի հարցերին պատասխանելուն ու պարզաբանումներ տալուն:
Գուցե ընդդիմությունը որոշել է աշնանային նստաշրջանին ակտիվ պահվածք դրսևորել, մասնակցել քննարկումներին, և Արմեն Գևորգյանի այսօրվա ակտիվությունը հենց սրանո՞վ է պայմանավորված:
Սպասենք՝ հաջորդ շաբաթ մեկնարկում է ԱԺ աշնանային նստաշրջանը, և բոլոր հարցերի պատասխանները հաջորդիվ կստանանք: