Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից, «Հանրապետությունը» շանտաժի է գնացել. Մամուլը՝ սուրճով

Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից, «Հանրապետությունը» շանտաժի է գնացել. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է․  

«Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքից հետո «Հանրապետություն» եւ «Քաղպայմանագիր» կուսակցությունների միջեւ «բազառ» է սկսվել:

ՔՊ-ում հասկանում են, որ եթե թաղապետը չազատվի պաշտոնից` տեսախցիկի առաջ խմբակային ծեծին մասնակցելուց հետո, ապա դա իրենց չի ներելու վրդովված հանրությունը: Սակայն, մյուս կողմից, Արամ Զավենիչի կուսակիցները «պատվի հարց» են համարում իրենց կուսակցի պաշտոնավարման հարցը եւ շատ արմատական են տրամադրված:

Հենց դեպքի օրը «Հանրապետության» կուսակցական ակտիվը մի քանի ժամ քննարկել է կատարվածը եւ որոշել, որ «իրեն հարգող ցանկացած տղամարդ սադրանքներին այդպես պետք է պատասխաներ», ուստի կոալիցիոն գործընկերներին բաց տեքստով շանտաժ են արել, որ եթե նման որոշում կայացվի, եւ իրենց թաղապետին պատժեն` գործից ազատեն, ապա Երեւանի ավագանիում իշխանության կոալիցիան կքանդվի, եւ ՔՊ-ն կկորցնի նաեւ Երեւանը։ Հիշեցնենք, որ ՔՊ-ն Երեւանում իշխանություն ունի՝ բացառապես շնորհիվ «Հանրապետության» եւ Դոգի, որոնց տված ձայների շնորհիվ է Տիգրան Ավինյանը քաղաքապետ դարձել: Թերեւս, նաեւ այս «բազառներից» հետո է քաղաքական որոշում ընդունվել, որ հանրային զայրույթը գոնե մեղմելու համար քրեական հետապնդում սկսվի` մեղմ հոդվածով: Եվ տեղեկացրին, որ 2 քրեական վարույթ է հարուցվել․ մեկը՝ նախորդ օրը կազմակերպված ակցիայի հետ կապված, որի ժամանակ թաղապետի լուսանկարի վրա յոգուրտ էին լցնում Արթուր Չախոյանն ու Մեսրոպ Մանուկյանը: Մյուսը՝ մի խումբ անձանց կողմից խմբակային ներգործության հոդվածով, որով անցնում է նաեւ թաղապետը: Որոշ ժամանակ իբրեւ թե կքննեն այս գործերը, ապա կառաջարկեն` երկուսն էլ կարճել, եւ թաղապետն էլ կշարունակի պաշտոնավարել:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ազատվել է իր վերջին տղամարդ օգնականից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազի օգնական Արմեն Ղուկասյանն ազատվել է պաշտոնից: Նշենք, որ Ղուկասյանը նախկինում եղել է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետը։ Դատախազությունից մեզ հասած խոսակցությունների համաձայն Ղուկասյանի ազատումը խոր արմատներ ունի։ Կարծիք կա, որ նրա ազատումը կարող է կապված լինել այն իրողության հետ, որ գլխավոր դատախազը համակարգի ներսում շարունակ փորձել է գտնել աշխատակիցների, որոնք կապված են համակարգի ներսից ինֆորմացիոն արտահոսքի հետ: Չի բացառվում, որ Ղուկասյանն էլ է հայտնվել նրա թիրախում։ Որքանով են այս խոսակցությունները հավաստի դժվար է ասել, սակայն փաստ է Ղուկասյանը ազատվել է անակնկալ կերպով:

Նկատենք, որ ուշագրավն այն է, որ գլխավոր դատախազն ունի 5 խորհրդական, որոնք բացառապես կանայք են Լուսինե Մարտիրոսյանը, Նարինե Գասպարյանը, Սյուզաննա Խաչատրյանը, Մանե Մարկոսյանը, Եվա Սաղոյանը։

Սակայն սա դեռ վերջը չէ:

Հիմա արդեն նաև գլխավոր դատախազի 3 օգնականներն են կանայք՝ Արփինե Մանուկյան, Քրիստինե Գրիգորյան, Անահիտ Բաբախանյան»։

 

Հրապարակը» գրում է․ 

Իմպիչմենտի գործընթաց սկսելու գլխավոր խոչընդոտը 2020 թվականից սկսած եղել է եւ մնում է վարչապետի թեկնածուի հարցը: Նախ, որովհետեւ հենց որեւէ անձի անուն հայտնվում է ասպարեզում` դրան քարկոծողների, մերժողների ստվար շարքեր են կազմվում եւ հանրային աջակցությունն էլ սկսում է նվազել, որովհետեւ միանշանակ եւ բոլորի կողմից ընդունված ընդդիմադիր լիդեր չկա: Այժմ իմպիչմենտի դիմումը, որն ուղարկվել է ԱԺ բոլոր պատգամավորներին եւ որի մեջ բացակայում է վարչապետի թեկնածուի անունը, նորից այս հարցն է բերել առաջին պլան: 

Ընդդիմադիր դաշտի դե ֆակտո ղեկավարներին` Ռորբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, կարծում են, որ սխալ է վարչապետի թեկնածու հռչակելը, որովհետեւ նրանց հակառեյտինգը շատ բարձր է եւ գործընթացը հենց այդ պատճառով կարող է ձախողվել: Որեւէ այլ անունի շուրջ էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: «Պատիվ ունեմ» խմբակցությունն ասել է, որ վարչապետի թեկնածու չունի, բայց պատրաստ է քննարկել ցանկացած թեկնածություն: «Հայաստան» դաշինքը, որին  հատկապես ուղղված է այդ դիմումը եւ որը կարող է սկսել գործընթացը, կարծում է, որ այս ակցիան հատուկ են նախաձեռնել` Ռոբերտ Քոչարյանին ասպարեզից հեռացնելու, չեզոքացնելու եւ իրենց դեմ աշխատելու համար: 

Մենք տեղեկացանք, որ իմպիչմենտի գործընթացի նախաձեռնողներից եւ ակտիվ քարոզողներից մեկը` Էդգար Ղազարյանը, «Հայաստան» խմբակցությանն առաջարկել է քննարկել մի շարք անուններ: Մասնավորապես, դաշինքի պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի անունը, ով աշխատել է եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ Սերժ Սարգսյանի, եւ անգամ որոշ ՔՊ- ականների համար կարող է ընդունելի թեկնածու լինել: Նրան պատասխանել են, որ Արմեն Գեւորգյանը չի ուզում: Բայց առաջարկողները վստահ են, որ դա կախված է մեկ անձի ցանկությունից` եթե Քոչարյանը որոշի, Գեւորգյանը «կուզի», թիմն էլ տեղից կշարժվի եւ գործընթացը կսկսվի: