Ամաչում ենք, տիկին Ավանեսյան, բայց ձեր ու ձեր վարչապետի փոխարեն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր մեզ ամոթանք տվեց, երբ նրան ուղիղ հարցրինք՝ ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ։ Իրականում, նորմալ է ամոթանք տալ այսպիսի հարց տվողին, բայց նորմալ չէ, երբ դա անում է Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամը, այս դեպքում՝ տիկին Ավանեսյանը։ Իսկ մենք այդ հարցը տալու լրիվ բարոյական ու լեգիտիմ հիմքերն ունեինք։
Նախ նշենք, որ մեր հարցին նախորդել էր մեկ այլ լրագրողի հարցը, թե ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ Շվեյցարիայում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, ասել էր․ «Դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է ունեցել, ինչպես ենք դա ընկալել և ում միջոցով ենք ընկալել»։
Ավանեսյանը նախ ասաց, որ ինքը չի կարող պատասխանել այդ հարցին, որովհետև «կոնտեքստից կտրված հարց է հնչել»՝ նշելով, թե մանիպուլյացիաներ և խեղաթյուրումներ է իրականացվել Շվեյացարիայում հանդիպման ժամանակ։ Ապա ավելացրեց․ «Բայց, ընդհանուր առմամբ, կուզեի, որ վարչապետի վերջին հարցազրույցի բովանդակությունը, եթե մենք ուշադիր լսենք և խորանանք էն հարցերի մեջ, ինչ որ բարձրացնում է, ես կարծում եմ՝ շատ իրավաչափ հարցեր են, որ ամեն մեկս մեզ պիտի տանք»։ Ավանեսյանը, սակայն, չասաց, թե ինքը ինչ է հասկացել, որ խորացել է։
Այստեղ MediaHub-ը ուղիղ հարցրեց նրան՝ ցեղասպանություն եղե՞լ է, իր կարծիքով, թե՞ ոչ։
«Չե՞ք ամաչում՝ նման հարց եք տալիս»,- հարցին պատասխանելու փոխարեն՝ որոշեց մեզ ամոթանք տալ տիկին Ավանեսյանը։
Ասացինք, որ չենք ամաչում, որովհետև Նիկոլ Փաշինյանն է արդեն կասկածի տակ դնում Ցեղասպանության փաստը։ «Ես կարծում եմ՝ ամոթ է նման հարց տալ, որևէ բան նման կասկածի տակ չի դրվել։ Նորից եմ կրկնում՝ չե՞ք ամաչում, որ նման հարց եք տալիս»,- իր ամոթանքը նորից պնդեց Փաշինյանի կառավարության անդամ նախարարը։
Այս խոսքերից հետո Ավանեսյանը նեղացավ ու հեռացավ։ Իրականում, նեղանալու բան մենք ունեինք, որ Անահիտ Ավանեսյանը, որ մշտապես շատ քաղաքավարի և կոռեկտ է պատասխանել լրագրողների հարցերին, մեզ որոշեց այսօր այդպես ագրեսիվ տոնով ամոթանք տալ։ Բայց նեղանալու փոխարեն փորձենք հասկանալ՝ ո՞վ և ինչի՞ համար պետք է ամաչի։
Իրականում, նորմալ իշխանության պայմաններում այսպիսի հարց տալը ոչ միայն անամոթություն, այլ նույնիսկ՝ անբարո կարող էր դիտվել։ Բայց այս իշխանությունների օրոք, երբ Հայաստանի, հայկականի ու պատմականի հետ կապված ամեն ինչ հետևողականորեն ժխտվում է, հերքվում, հանձնվում ու կասկածի տակ դրվում, այս ու շատ այլ հարցեր, ցավոք սրտի, ոչ միայն ամոթ չէ՝ հնչեցնելը, այլ դարձել է նորմալ։ Վստահ ենք, մի քանի տարի առաջ նույն կերպ տիկին Ավանեսյանը մեզ ամոթանք կտար, եթե նրան հարցնեինք՝ Արցախը հայկակա՞ն է, թե՞ ոչ կամ արդյոք Դուք պատրաստվո՞ւմ եք Արցախը հանձնել կամ թղթով ճանաչել Ադրբեջանի մաս։ Ավանեսյանը մինչև 2020 թվականը ոչ միայն ամոթանքով չէր բավարարվի, այլ գուցե նաև մեր աչքերը հաներ դրա համար։ Բայց ընդամենը մի քանի տարի անց տեսանք, թե ինչպես Ավանեսյանի քաղաքական ղեկավարը Ավանեսյանի ու իր պես շատերի լուռ համաձայնությամբ՝ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, ու հիմա էլ անցել է արդեն Ցեղասպանության փաստը հերքելուն։ Եվ երբ հարցնում ենք այդ մասին, ասում են՝ դուք Նիկոլ Փաշինյանի ասածները լավ չեք հասկացել, կոնտեքստից կտրում եք և այլն։
Էդ բոլորդ իր ասածները շատ լավ եք հասկանում, անհասկացողն էլ մե՞նք էինք։ Կարո՞ղ է՝ Արցախը թղթով Ադրբեջանի մաս ճանաչելն էլ լավ չենք հասկացել, իրականում նա լրիվ այլ բան է արել։ Թե՞ մտածում եք՝ ձեր վարչապետից հեռու է, որ նա կարող է վաղն էլ Արցախի նման Հայոց ցեղասպանության փաստը ուրանալ, պատմությունը խեղաթյուրել, ներկայացնել այնպես, որ Հայկական լեռնաշխարհ, իրականում, չի եղել, այստեղ հազարամյակներով հայեր չեն ապրել, Վանի թագավորություն չի եղել, Տիգրան մեծ ու Տրդատ թագավոր չենք ունեցել, Հայոց գրերը Մաշտոցը չի ստեղծել, Քրիստոնեությունն էլ աշխարհում առաջինը Հայաստանը չի ընդունել որպես պետական կրոն, և մենք, իրականում, մահմեդական և քոչվոր ազգ ենք, ավելին՝ մեր մեջ սելջուկ-թուրքական արյուն է հոսում։ Թեպետ, եթե մեզ ասելով՝ իրենց ու հատկապես իրենց ղեկավարներին նկատի ունենք, ապա չի բացառվում։ Այնպես որ, տիկին Ավանեսյան, մենք ամաչում ենք, բայց ձեր ու ձեր վարչապետի փոխարեն, այդ ամոթանքը լավ կլինի՝ հասցեատիրոջը ուղղեք։
Վահե Մակարյան