Երևանում հարձակման է ենթարկվել արցախյան պատերազմներին մասնակցած փոխգնդապետը, ում գլխի համար թշնամին խոշոր գլխագին էր խոստանում

Երևանում հարձակման է ենթարկվել արցախյան պատերազմներին մասնակցած փոխգնդապետը, ում գլխի համար թշնամին խոշոր գլխագին էր խոստանում

Նոյեմբերի 9-ին Երևանում հարձակման է ենթարկվել Երևանի բնակիչ 67-ամյա Տիգրան Ազիզյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը սովորականի համաձայն Տ․ Ազիզյանը, ով կոչումով փոխգնդապետ է, գտնվելիս է եղել իր տանը՝ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան 7 շենքի բակում, երբ նրա վրա է հարձակվել Երևանի բնակիչ Նարեկ Խաչատրյանը։

Այդ մասին SHAMSHYAN.com-ն արդեն մի քանի օր է ահազանգեր է ստանում փոխգնդապետի հարազատներից, ընկերներից ու հարևաններից, ինչպես նաև Երևանի Ա․ Խանջյանի անվան դպրոցի որոշ աշխատակիցներից։ 

Դեպքից կարճ ժամանակ անց կատարված հանցագործության մասին Տ․ Ազիզյանը դիմում է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ նյութեր են նախապատրաստվում ու դրանք փոխանցում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ արդեն քննիչ Նորայր Մարգարյանը քրեական վարույթ է նախաձեռնում։

Քննիչը բավարարվում է դեպքի վայր գալով, մի քանի լուսանկարներ անելով ու տուժողին դատաբժշկի ուղեգիր տալով։ Սակայն չգիտես ինչու՝ մինչև այս պահը քննիչի կողմից ոչ մի առերեսում չի իրականացվել մարմնական վանսվածք ստացած Տ․ Ազիզյանի և հիմնական կասկածյալի միջև, այն դեպքում, որ անգամ կա տեսախցիկի արձանագրածը, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։ 

Դեպքից օրեր անց Ա․ Խանջյանի անվան դպրոցի տնօրենը մի դարակազմիկ հրաման է արձակում, որով Տ․ Ազիզյանին, առանց նախազգուշացման, ազատում է դպրոցի ռազմագիտության ուսուցչի պարտականություններից, նրա հետ կնքված պայմանագիրը խզում է։

Այսօր դպրոցի մի քանի աշխատակիցներ, ովքեր հասկանալի պատճառներով հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Նախ զարմացանք, երբ իմացանք, որ Նարեկը համարձակվել է ձեռք բարձրացնել իր ծնողի տարիքի տղամարդու վրա։ Նամանավանդ, որ այդ անձնավորությունը մեր դպրոցի լավագույն ուսուցիչներից ընկեր Ազիզյանն է, ով իր աշխատանքային գործունեության ընթացքում միշտ բարձր է պահել մեր դպրոցի պատիվը։ Նրա շնորհիվ դպրոցը մի քանի խրախուսանքների է արժանացել։ Նրա աշխատանքային գործունեության արդյունքում մեր դպրոցի սաները միշտ փայլել են իրենց ռազական գիտելիքներով։ Բայց դե՝ տնօրենի որոշելիքն է։ Երևի՝ փորձել է այդ կերպ լռեցնել ընկեր Ազիզյանին, ում գլխի համար ադրբեջանական կողմը գլխագին էր խոստանում։ Նա իսկական ուսուցիչ է, իսկանան ծնող, իսկական հայ։ Ուղղակի՝ հիմա մեր անունները չհրապարակենք, որ տնօրենը մեզ էլ հետապնդումների չենթարկի»։ 

Ֆոտոլրագողը հայտնում է, որ այսօր Տ․ Ազիզյանի հետ զրույցում, նա ներկայացրեց իրավիճակը ու խնդրում էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, որպեսզի իր հսկողության տակ վերցնի հարուցված քրեական գործի ընթացքը, քանի որ Շենգավիթի քննչականից ոչ մի ծպտուն չկա, թե ինչ ընթացք է լինելու։