Նրա հանցագործությունը պարզապես հայ ժողովրդի արժանապատվությունը պաշտպանելն էր. Գենսերը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

Նրա հանցագործությունը պարզապես հայ ժողովրդի արժանապատվությունը պաշտպանելն էր. Գենսերը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

Իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի կողմից կալանավորումից ավելի քան 18 ամիս է անցել։ Նվիրված հայ քրիստոնյա, հարգված բարերար և գործարար Ռուբենը քաղբանտարկյալ է դարձել 2023 թվականի սեպտեմբերին։ Դրա մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավական խորհրդատու Ջարեդ Գենսերը։

«Նրա իրական հանցագործությունը պարզապես Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի արժանապատվության և ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր. Հարավային Կովկասի մի տարածաշրջան, որը հայերն անվանում են Արցախ: Էթնիկ զտումներից հետո Ադրբեջանը միայն արագացրեց իր երկարատև ջանքերը՝ տարածաշրջանում հայ քրիստոնյաների ներկայության ցանկացած հետք վերացնելու համար»,- շեշտել է Ջարեդ Գենսերը:

Նա ընդգծել է, որ անցյալ տարի հրապարակված զեկույցում «Ճշմարտության և արդարադատության կենտրոնը» փաստաթղթավորել է 500 պատմական վայրի և 6000 հայկական հուշարձանի, դրանց թվում՝ եկեղեցիների և վանքերի պղծման կամ ոչնչացման բազմաթիվ օրինակներ։

«Եվ Ռուբենի շարունակական բանտարկությունը մնում է Ալիևի շարունակական դաժանության վառ խորհրդանիշը։ Եթե Բաքվի ռազմական դատարանը նրան մեղավոր ճանաչի ավելի քան 40 կեղծ մեղադրանքով, նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Նրա դեմ մեղադրանքները, անկեղծ ասած, ապշեցուցիչ են»,- շեշտել է Ջարեդ Գենսերը։