ՀՀ-ից տարեկան արտահանումը կարող է գերազանցել 3 մլրդ դոլարի շեմը. տնտեսագետ

Մինչ ԵԱՏՄ-ին անդամակցելը, Հայաստանից տարեկան արտահանումը կազմել է 1,7 միլիարդ, իսկ այժմ 2,5 միլիարդ դոլար։ Այս մասին Երեւանում Եվրասիական փորձագիտական ակումբի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը՝ ամփոփելով տնտեսական ուսումնասիրության արդյունքները։
Տնտեսագետի կանխատեսման համաձայն, Հայաստանից արտահանումն այս տարի կարող է գերազանցել նույնիսկ 3 միլիարդ դոլարի շեմը։
«Դա պայմանավորված է նրանով, որ այս տարի դեպի Բելառուս արտահանումը կրկնապատկվել է՝ 9 միլիոն դոլարից հասնելով 18 միլիոնի։ Ընդ որում, Ռուսաստանում այն գերազանցել է կես միլիարդի նշագիծը՝ նախորդ տարվա 265 միլիոնի փոխարեն։ Եթե նախորդ տարի մենք ամբողջ պատրաստի արտադրանքի 25 տոկոսն արտահանում էինք ԵԱՏՄ, ապա այժմ այն արդեն 30 տոկոս է»,- ասել է Թավադյանը։
Միաժամանակ նա նշել է, որ այս հարցում մեծ դեր են խաղացել ինչպես դրամի, այնպես էլ ռուսական ռուբլու ամրապնդումը դոլարի նկատմամբ, ինչի շնորհիվ արտահանումը Ռուսաստանի Դաշնություն չի նվազել։