Հակառակորդն առաջ է եկել, Փաշինյանը ստել է, «ունիվերսալ» փաստաթուղթ են թափահարել․ Մամուլը՝ սուրճով

Հակառակորդն առաջ է եկել, Փաշինյանը ստել է, «ունիվերսալ» փաստաթուղթ են թափահարել․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Մարտի 25-ին ՌԴ ՊՆ-ն տեղեկատվություն տարածեց, որ Ադրբեջանի զինուժը, խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, Շուշիի հատվածում հատել է շփման գիծը, զբաղեցրել 2054,0 բարձունքը` Եղցահողի Սարի Բաբա կոչվող լեռից 2,9 կմ դեպի հյուսիս-արեւելք, եւ իրականացնում է դիրքի կառուցման ինժեներական աշխատանքներ: Անմիջապես լուր տարածվեց, որ ադրբեջանական կողմը, գրավելով այս բարձունքը, իր հսկողության տակ է վերցրել Արցախ-Հայաստան լեռնաանտառային ճանապարհը, որով դեռեւս որոշակի կապ էին պահպանում Հայաստանի հետ: Մեր արցախյան աղբյուրից հետաքրքրվեցինք, թե ինչ իրավիճակ է տիրում,  որքան են ադրբեջանական հրոսակներն առաջ եկել:

Նշված տարածք այցելած մեր զրուցակիցն ասաց, որ նախ` ոչ թե հողային ճանապարհն են գրավել, այլ ընդհուպ մոտեցել են ճանապարհին, եւ այդ ճանապարհով երթեւեկելը դարձել է վտանգավոր` ճանապարհը հայտնվել է նշանառության տակ, ուստի հայկական կողմը խուսափում է այդ ճանապարհն օգտագործելուց: Թշնամու զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր, եւ դա նաեւ ռուսական խաղաղապահների անգործության, թողտվության հետեւանքն է: Խաղաղապահները փորձում են խաղաղ միջոցներով հետ մղել ադրբեջանցիներին` կոչ են անում, հորդորում են հետ քաշվել ելման դիրքեր, բայց առայժմ՝ անարդյունք: Բացի այդ, մշտապես փոխհրաձգություններ են լինում հայկական պաշտպանական բանակի եւ ադրբեջանցի զինյալների միջեւ: Բայց զոհեր ու վիրավորներ չունենք:

Ինչ վերաբերում է հողային, այլընտրանքային ուղիներին, ապա Լիսագորի այս ճանապարհից բացի, այլ շրջանցող ճանապարհներ էլ կան, որոնք կարող են օգտագործվել Հայաստան-Արցախ կապը պահելու համար, բայց դրանք դժվարանցանելի են:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տարբեր ղեկավարների օրոք սպառազինության ձեռք բերման հարցը շարունակում է շահարկման թեմա հանդիսանալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց. «Հայաստանի Հանրապետությունը 2018թ.-ից 2020 թվականը ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ տասը տարին՝ բոլորը իրար հետ վերցրած։ Սա ապացուցված վիճակագրություն է, հասկանո՞ւմ եք»։

Եվ ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը նման եզրակացության է եկել՝ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած տվյալներից ելնելով, եւ այդ վիճակագրությունը այդ տվյալների հիման վրա էր: Նկատենք՝ ոչ մեկ անգամ գրվել է այն մասին, որ SIPRI-ի տվյալները մեծամասամբ հավաքագրվում են բաց աղբյուրներում հասանելի տեղեկություններից, դրանք թերի են, դրանցում արտացոլված չեն սպառազինությունների ձեռք բերման այն գործարքները, որոնց մասին տեղեկություններ չեն արտահոսել, ինչպես նաեւ ոչ խոշոր զինատեսակների ու սպառազինության մատակարարումները։ Միեւնույն ժամանակ, այդ ինստիտուտի տվյալներում ներկայացված են ոչ թե սպառազինության գները, այլ SIPRI-ի մշակած հատուկ միավորը:

Այս ամենից ելնելով՝ «Սիվիլնեթ»-ի «Փաստերի ստուգման հարթակ»-ը գրավոր հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ եւ հետաքրքրվել, թե Փաշինյանի հնչեցրած՝ զիմամթերքի գնման «ավելի շատ» լինելը չափվել է արդյոք քանակական, թե արժեքի (դրամային) տրամաբանությանբ։ Այս հարցին աշխատակազմը, սակայն, չի պատասխանել։ Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե իրենց իշխանության երկու տարիներին՝ 2018-2020թթ.-ին, ձեռք է բերվել ավելի շատ զինամթերք, քան նախորդ տասը տարիներին՝ միասին վերցված, մոլորեցնող է։

«Փաստ» օրաթերթը գրում է․

Ինչպես կարելի է հասկանալ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության ներկայացուցիչների, առաջին հերթին՝ իր և ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանի հայտարարություններից, իրենց տարփողած «խաղաղության պայմանագրի» հիմքում դնում են ԱՊՀ ձևավորման վերաբերյալ Ալմաթիի հռչակագիրը: Իսկ ի՞նչ է այն, այդ ի՞նչ «ունիվերսալ» փաստաթուղթ է այդ Ալմաթիի հռչակագիրը, որի վրա այդպես հաճախ և սիրահոժար հենվում, որին հղում են անում Հայաստանի օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Առհասարակ, հարցերը շատ են: Այնքան, որ այստեղ կդիտարկենք դրանց մի մասը միայն:

Ամենից առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե այդ ի՞նչ փաստաթուղթ է, որ թշնամական Ադրբեջանը համաձայնել է դրա հիման վրա բանակցություններ վարել և «խաղաղության պայմանագիր» համաձայնեցնել Հայաստանի հետ: Ասել կուզի, եթե մեր թշնամին համաձայնել է մի բանի, ապա կա՛մ Հայաստանը դա պարտադրել է նրան, կա՛մ այդ բանի մեջ թշնամին տեսել է իրեն խիստ ձեռնտու հանգամանքներ: Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանը այսօր ուղղակիորեն ի վիճակի չէ որևէ մեկին որևէ բան պարտադրել: Հնգամյա չարաթավիշ կառավարումը երկիրն ու բանակն այն օրի չեն հասցրել, որ թշնամուն այս կամ այն քայլը պարտադրելու հնարավորություն լիներ:

Ովքեր համաձայն չեն, թող հետաքրքրվեն, թե վերջին 2 տարվա ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետության քանի՞ քառակուսի կիլոմետր տարածք է տակավին մնում թշնամական օկուպացիայի տակ (անգամ իշխանության ներկայացուցիչները խոսում էին մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետրի մասին): Ասել կուզի՝ եթե ինչ-որ բան պարտադրող լիներ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, ապա թշնամական օկուպացիայից ՀՀ տարածքը կազատեր, այլ ոչ թե, պատկերավոր ասած, ծնկներին խփելով, վաշ-վիշ անելով, որպես լացկանյան, մե՛կ Արևմուտքից դիտորդներ կխնդրեր, մե՛կ ՀԱՊԿ-ից կբողոքեր: Մի խոսքով՝ մնում է մյուս տարբերակը, այսինքն, առաջարկել են մի բան, որի մեջ թշնամին իր օգուտն է տեսել: Համեմատության համար նկատենք, որ նույն թշնամին՝ Ադրբեջանը, մերժել էր խնդրի կարգավորման ռուսական չափորոշիչները, որոնք ենթադրում էին Արցախի կարգավիճակի որոշման առկախում, մինչև ընդհանուր իրադրության որոշակի կայունացումը:

Դա, ի դեպ, ԱԺ արտաքին հանձնաժողովի վերջին նիստում փաստեց անձամբ ԱԳ նախարար Միրզոյանը: Միանգամից հարց է ծագում, թե այդ դեպքում Արարատ Միրզոյանը, իր անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ են հենց Ալմաթիի հռչակագիրը թափահարում շարունակ: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը նոր չէ, որ խոսում են նշված հռչակագրի մասին: Մեկ տարի առաջ էլ էր այս թեման շրջանառվում: Ըստ որում, այն օրերին իշխանության ներկայացուցիչները դրսևորում էին թեմային չտիրապետելու իրենց «վիճակը», քանզի, օրինակ՝ նույն Արարատ Միրզոյանը 1 տարի առաջ տված հարցազրույցում համոզված պնդում էր, թե Հայաստանն ու Ադրբեջանը միասին 1991- ին են միացել ԱՊՀ ձևավորման փաստաթղթին, մինչդեռ նման բան չկա, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի՝ ԱՊՀ-ին անդամակցելու միջև առնվազն տարիուկես միջակայք է եղել:

Ամենից հետաքրքիրը այլ բան է՝ այն, որ ԱՊՀ ձևավորման մասին Ալմաթիի հռչակագիրը հանկարծ մեջտեղ բերվեց գերազանցապես Նիկոլ Փաշինյանի ջանքերով: Վերջինիս հիմնական շեշտադրումն էլ կրկին «նախկիններին» այպանելու ենթատեքստ ուներ և ունի, ասածն էլ այն է, թե՝ տեսե՜ք, ԱՊՀ-ին անդամակցելիս Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ի դեպ, հիշեցնենք, որ Հայաստանը Ադրբեջանին տարածքային պահանջներ չի ներկայացրել, երկրորդը, որոշակի ճշտումով, թե ինչ ասել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն», դա, գոնե հայտարարությունների մակարդակով, ճանաչել են նաև առանց հիշյալ հռչակագիրը նշելու:

Բայց Նիկոլ Փաշինյանն այս հարցում առնվազն խեղաթյուրում է իրողությունները: Չիմանալով, թե միտումնավոր, էական չէ: Ողջ հարցն այն է, որ Հայաստանը, ի դեմս Գերագույն խորհրդի, ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը (հռչակագիրն էլ ներառվում է, տրամաբանորեն) վավերացրել է 1992 թ. փետրվարի 18-ին կայացրած որոշմամբ: Դա, նկատենք, գործող, ուժի մեջ գտնվող իրավական ակտ է: Եվ հենց այդ վավերացման որոշման մեջ ՀՀ ԳԽ-ն սևով սպիտակի վրա մի ամբողջ շարք էական վերապահումներ է արել, որոնցից առանցքայինն այն է, որ այո, Հայաստանը վավերացնում է այդ փաստաթուղթը, բայց վերապահում է գրանցում, օրինակ՝ «Համաձայնագրի նախաբանի չորրորդ պարբերությունում «ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերը փոխարինել «ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերով»: Իմաստ ունի՞ լրացուցիչ բացատրել, թե այդ ինչո՞ւ է 30 տարի առաջ Հայաստանի ԳԽ-ն նման վերապահում արել:

Վերապահում, կարելի է ասել, հատուկ Նիկոլ Փաշինյանի համար: Այսինքն, առանց այդ վերապահման, Հայաստանի համար այդ փաստաթուղթը վավեր չէ՛: Թո՛ւղթ է, և ընդամենը: Բայց հիշյալ ԱՊՀ-ական փաստաթղթերը թափահարող Նիկոլ Փաշինյանից քանի՞ անգամ եք լսել, որ՝ ա) նման և այլ վերապահումներ կան, բ) ինչի՞ մասին է, օրինակ՝ մեջբերված վրապահումը: Ուրիշ հարցեր էլ կան: Չեն կարող չլինել: Հետաքրքիր է, եթե կար այդպիսի մի «ունիվերսալ» փաստաթուղթ, ինչպես Նիկոլ Փաշինյանի «գտած» և իր խեղաթյուրված ընկալմամբ մեկնաբանվող հռչակագիրն է, ապա այդ ինչպե՞ս է, որ գրեթե երեք տասնամյակ Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացի մեջ ներգրավված օտարերկրյա միջնորդները, ՄԽ համանախագահները, մի խոսքով՝ ոչ մեկը ոչ մի անգամ Ալմաթիի հռչակագրին հղում անելու գոնե փորձ չեն կատարել:

Ի՞նչ է, չգիտեի՞ն դրա տեղը: Ի դեպ, եթե այդքան ունիվերսալ «փաստաթուղթ» է այդ հռչակագիրը, ապա ինչո՞ւ, օրինակ՝ Ռուսաստանը և Ուկրաինան էլ իրենց կոնֆլիկտը դրա հիման վրա չեն լուծում: Ինչո՞ւ ոչ մեկը այդ «համաբալասան» թուղթը չի հիշել այս 30 տարվա մեջ նախկին ԽՍՀՄ տարածքում եղած մի շարք հակամարտությունների ու դրանց կարգավորման հետ կապված: Կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության պայմանագիրը» նաև փաստաթղթորեն է խախուտ հիմքերի վրա: Իսկ թե որքան խախուտ է մնացածը, անգամ իր իսկ հայտարարություններից է երևում. այսպես կոչված «խաղաղության օրակարգը» տապալված է:

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Կադաստրի պետական կոմիտեն որոշել է «Հրազդան» մարզադաշտին կից պահուստային դաշտը «խլել» գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից՝ Բուռնաշից, ով տարիներ շարունակ վարձակալությամբ օգտագործում է այն։ Վարձակալության կուտակած պարտքերի պատճառով դատարանն է նման որոշում կայացրել, ինչի մասին մեզ հետ զրույցում հայտնեց Աղաբաբյանը․

«Մենք արենդայով էինք վերցրել: Պատերազմ, կորոնա... վարձը չենք մուծել, պետգույքը տվել ա դատարան, դատարանն էլ որոշել ա, որ դա մերը չի։ Ըհը, անփորձ ջահելներ, հիմա ուզում են խլեն այդ դաշտը՝ չհասկանալով, որ ստադիոնն առանց պահուստային դաշտի կկորցնի իր միջազգային արժեքը եւ ստադիոնը չի աշխատի ընենց, ոնց իրենք կուզենան»։ Աղաբաբյանը տարակուսած է․ «Էսքան գրանտներ, էսքան փող է ծախսել Հայաստանը, թող մի դաշտն էլ տային ստադիոնին, ո՛չ վրեն բան կարան անեն, ո՛չ էլ։ Չնայած՝ կտանեն, վրան շենքեր կսարքեն, կպրծնեն, դրա իրավունքը չունեն, բայց իրավունքն իրենցն ա, ոնց կուզեն, կանեն»։ Մեր դիտարկմանը, թե հեղափոխական իշխանություններին՝ ի դեմս Փաշինյանին, գովերգելն էլ, փաստորեն, չփրկեց իրեն, այդ ուղտն իր դռանն էլ չոքեց, Աղաբաբյանը հակադարձեց․ «Եթե նրանց փնովելը սրանց գովել է նշանակում, ի՞նչ ասեմ»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Արցախում, չնայած դեկտեմբերի 12-ից սկսված շրջափակման հետեւանքով առաջացած լրջագույն մարտահրավերներին, նաեւ բնակիչներն են կանգնում սոցիալական խնդիրների առջեւ:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ որոշ ապրանքների մասով ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ են եղել: Բանն այն է, որ շրջափակված Արցախում տարբեր ապրանքների գները մեծ չափով աճել են, ինչը պայմանավորված էր ապրանքների մատակարարման դժվարություններով, ստվերային երեւույթներով ու գների վերահսկողության խնդիրներով:

Դրանից հետո Արցախի կառավարությունը գների վերեւի շեմ էր հաստատել առանձին որոշմամբ՝ պարտավորեցնելով խանութներին հաստատված գներից բարձր գնով չվաճառել ստացված ապրանքները: Պարզվում է նաեւ, որ այս ընթացքում փակ հետաքննություններ ու գործողություններ են կատարվել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի անմիջական համակարգմամբ, որոնց արդյունքում հնարավոր է եղել բացահայտել ու կանխել ստվերային մատակարարման խոշոր դեպքեր: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ մի քանի օր առաջ Ստեփանակերտում առգրավվել է մասնավոր տնտեսվարողի կողմից խաղաղապահների միջոցով ստվերային կերպով բերած երկու կամազ ապրանք՝ տասնյակ միլիոն դրամ արժողությամբ, որոնց փոխարեն պետք է տեղափոխվեին կառավարության կողմից նախատեսված ապրանքներ: Դրանից հետո էլ կանխել են կրկին պետության նախատեսած ապրանքների փոխարեն Գորիսից երկու կամազ ապրանքի ստվերային տեղափոխությունը:

Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ում էին պատկանում առաջին բացահայտված ապրանքները, բայց, ըստ ստացած տեղեկությունների, երկրորդ դեպքը կապված է եղել Արցախում վատահամբավ Գագիկ Սարգսյանի (Սպեցնազի Գագո) անվան հետ, ում արդեն բեռնված ապրանքներն էլ նախքան Գորիսից դուրս գալը տեղում թափել է տվել պետական նախարարը՝ պետության համար կարեւոր ապրանքներ տեղափոխելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Ասում են նաեւ, որ որոշ պաշտոնյաներ ընդգրկված են եղել այդ ստվերային գործընթացներում, որոնց մասով լրացուցիչ ստուգումներ են կատարվում:

«Փաստ» օրաթերթը գրում է․

Չէ՛, հումոր չկա, ամենայն լրջությամբ, պարոնա՛յք, իրոք Հայաստան «ռևիզոր» է գալու: Այն էլ՝ ոչ թե ինչ-որ մի կորած-մոլորած, այլ եվրո՛-ռևիզոր: Նա առայժմ Միջին Ասիայի երկրներում է շրջում, բայց ասել է, որ Երևան էլ է մտադիր այցելել: Համենայն դեպս, պատժամիջոցների հարցով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Դևիդ Օ'Սալիվանը Բիշքեկում բրիֆինգ է ունեցել և խոսել իր առաքելության մասին: Եթե խիստ կարճ, ապա ԵՄ այդ հատուկ ներկայացուցչի առաքելությունն այն է, որ կասկածելի երկրներում տեսնի՝ արդյոք պահպանո՞ւմ են Ռուսաստանին տնտեսապես չոքացնելու համար իրենց սահմանած պատժամիջոցները, թե՞ հակառակը՝ Ռուսաստանին օգնում են շրջանցել այդ պատժամիջոցները և դիմադրել, այլ ոչ թե գետնատարած փռվել ու հանձնվել Արևմուտքի «քաղաքակիրթ» ողորմածությանը:

Հասկանալի է, իհարկե, որ Օ'Սալիվանը նախատեսում է այցելել նաև Հայաստան: Դրա համար ԵՄ հատուկ ներկայացուցիչը պատճառներ ունի. նախ՝ Հայաստանը Ռուսաստանի հետ ԵԱՏ միության մեջ է, երկրորդ՝ Ռուսաստանը Հայաստանի խոշոր առևտրատնտեսական գործընկերներից մեկն է: Թեպետ ուղիղ խոսքով նման բան չի ասվում, բայց հասկանալի է, որ ԵՄ-ի հետապնդած խնդիրը Ռուսաստանի հնարավոր բոլոր «օդերը փակելն» է: Եվ «ռևիզոր»- հատուկ ներկայացուցիչն էլ խնդիր ունի հետևել, թե որ երկրներն ու ինչպես են շրջանցում այդ նպատակին ուղղված իրենց սահմանած պատժամիջոցները:

Թե, ասենք, Ռուսաստանի հետ Հայաստանի կամ, օրինակ՝ Ղրղըզստանի տնտեսական կապերի խաթարումն ինչպե՞ս կանդրադառնա տվյալ երկրների տնտեսությունների ու ժողովուրդների սոցիալական վիճակի վրա, դա ԵՄ-ին ընդհանրապես չի հետաքրքրում: Ճիշտ է, կարծես դեռ մոտ մեկ ամիս (գուցե՝ ավելի) կա, մինչ «ռևիզորը» հասնի Հայաստան, բայց հետաքրքիր կլինի տեսնել, թե օրվա իշխանության ներկայացուցիչներն ինչպես են զգաստ կանգնած հաշվետու լինում ԵՄ հատուկ ներկայացուցչին: Ու ի՞նչ են զեկուցելու...