Մարտի 31-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը

Մարտի 31-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը

Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է:

Սկիզբ է առնում հրեաների կողմից նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը: Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից` անդրանիկ զավակների կոտորածից: Համաձայն քրիստոնեական ուսմունքի` այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման` հանուն մարդկության փրկության: Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն: Պողոս Առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…» (Ա Կորնթ. 5.7–8):

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է:Հայ Առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա: Այս տարի Սուրբ Զատիկը նշվում է մարտի 31-ին: