Կառավարությունը ոչինչ չի արել 53 մլն դրամը բյուջե վերադարձնելու համար․ տուրօպերատորի գործը փակվեց

Կառավարությունը ոչինչ չի արել 53 մլն դրամը բյուջե վերադարձնելու համար․ տուրօպերատորի գործը փակվեց

2019 թվականին ՀՀ կառավարությունը բյուջեի պահուստային ֆոնդից հատկացրեց ընդհանուր 53 մլն 37 հազար դրամ՝ Եգիպտոսի Հուրգադա քաղաքում մնացած 416 ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար: Քաղաքացիները Հուրգադայում էին մնացել «Էյ Ընդ Ար Տուր» տուրօպերատորի կողմից հունական «Օրանջ Թու Ֆլայ» ընկերության նկատմամբ պարտականությունները չկատարելու հետևանքով, գրել է «Հետքը»։

Մասնավորապես, Կառավարությունը 2019թ․ հուլիսի 26-ի որոշմամբ 47 մլն 199 հազ. դրամ էր հատկացրել Արտաքին գործերի նախարարությանը, որով 2 թռիչք էր կազմակերպվել հունական SpotAir ավիաընկերության միջոցով, և հայրենիք էր վերադարձել 315 քաղաքացի։ Օգոստոսի 1-ի որոշմամբ էլ Կառավարությունը ևս 5 մլն 838 հազար դրամ էր հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որ երրորդ չվերթն իրականացնի «Տարոն-Ավիա» ընկերության միջոցով՝ ևս 101 քաղաքացու Հայաստան վերադարձնելու համար։

Նույն թվականին հարուցվել է քրեական գործ, և մեղադրանք է առաջադրվել տուրօպերատորի տնօրենին՝ Անի Ալեքսանյանին։ Գործով տուժող են ճանաչվել Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Կառավարության, մի շարք տուրիստական գործակալություններ և ֆիզիկական անձինք։ Տուրօպերատորը ֆիզիկական անձանցից և տուրիստական գործակալություններից հավաքագրել է բազմաթիվ հաճախորդների, որոնցից մի մասին ուղևորափոխադրել է հանգստի վայրեր։ Այնուհետև չարաշահել է հաճախորդների և գործակալությունների վստահությունը․ ստացել է ուղևորություն կազմակերպելու համար նախատեսված գումարները, սակայն դրանց զգալի մասը չի փոխանցել հունական «Օրանջ Թու Ֆլայ» և «Տեզ Տուր» ընկերություններին։ Դրա հետևանքով 2019թ․ հուլիսից սկսած՝ չեղարկվել են չարտերային չվերթերը։

Անի Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի (2003-ին ընդունված) երկու հոդվածների հատկանիշներով՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խորոշ չափերով) և 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով)։ Սակայն 2024 թվականի դեկտեմբերի 30-ին դատախազը, բավարարելով քննիչի միջնորդությունը, մեղադրյալ Անի Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է՝ մի դեպքում վաղեմության ժամկետն անցնելու հիմքով (184-րդ հոդված), մյուս դեպքում՝ մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով (178-րդ հոդված)։

Քննիչն իր միջնորդության մեջ նշում է, որ քննության ընթացքում չի հաստատվել Անի Ալեքսանյանի կողմից նախնական դիտավորություն ունենալով՝ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու միջոցով տուժողների գույքը հափշտակելու հանգամանքը։ Իսկ այն, որ Անի Ալեքսանյանն իր գործողությունների հետևանքով անձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել տուժողներին՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, դա հաստատվել է, սակայն, ինչպես նշեցինք, այդ հոդվածի մասով վաղեմության ժամկետն անցել է։

Հատկանշական է, որ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման մեջ պետության կրած վնասը նշվում է միայն 47 մլն 198.8 հազ. դրամը, և որևէ անդրադարձ չկա 5 մլն 838․6 հազար դրամին։ 

Գործում կան ցուցմունքներ այն մասին, որ  տուրօպերատորի ճգնաժամի պատճառը շուկայում գործող մյուս խոշոր ընկերությունների կողմից իրականացված ճնշումներն են։ Օրինակ՝ «Էյ Ընդ Ար Տուր» ընկերությունում տուրիստական մենեջեր աշխատած Լուիզա Ասատրյանն իր ցուցմունքում նշել է, որ 2019-ի հունիսի վերջին Հայաստանում գերիշխող դիրք ունեցող 7 ընկերություններ մյուս ընկերություններին ուղարկել են հաղորդագրություններ այն մասին, որ եթե շարունակեն համագործակցել «Էյ Ընդ Ար Տուր»-ի հետ, ապա կդադարեցնեն համագործակցությունն իրենց հետ։

Գործով տուժողներ ներգրավված տուրիստական գործակալությունների տնօրենները վրդովված են քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի որոշմամբ։ Նրանց հուզում է հարցը, թե ո՞վ է պատասխանատվության և պատժի ենթարկվելու այն վնասների համար, որ կրել են իրենք։ 

«Ռոյալ Թրեվլ» ընկերության տնօրեն Արփինե Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մի քանի ամիս «Էյ Ընդ Ար Տուր» տուրօպերատորի հետ նորմալ համագործակցել են․ «Դրանից հետո մինչև 100 հազար դոլարին համարժեք դրամ վնաս ենք կրել, էն ժամանակ, երբ դոլարի կուրսը 500 էր։ Գումարները վերցրել է մեզանից, նույնիսկ փետրվար ամսին ունեցել ենք 100 տոկոսանոց վճարում՝ ամառվա համար ամրագրում դեպի Հունաստան, մոտ 40 հազար եվրոյին համարժեք դրամ, ամբողջը վերցրել է»,- նշում է Արփինե Մարգարյանը։ Նրա խոսքով՝ պարտաճանաչ վճարել են ծառայությունների դիմաց, սակայն Անի Ալեքսանյանը չի մատուցել այդ ծառայությունները՝ պատճառաբանելով, որ բիզնեսը սխալ է վարել և չի կարողանում այդ ծառայությունները մատուցել։ «Մենք կրկնակի, եռակի բարձրացված արժեքներով այդ ծառայությունները հետագայում առել ենք ուրիշ օպերատորներից, որպեսզի մեր ուղևորներին կարողանանք ճանապարհել»,- ասում է Արփինե Մարգարյանը։

«Թայմ Վոյաժ» ընկերության տնօրեն Քրիստինե Ոսկանյանն էլ նշում է՝ 10 հազար դոլար էլ իր ընկերությունն է վնաս կրել, նույն չափով էլ ծախս են արել, որ ուղևորներին այլ օպերատորներից գնված ծառայություններով կարողանան ճանապարհել։ «Իմ անձնական գումարներով եմ այդ փաթեթները գնել, եթե դա էլ հաշվենք, իր պարտքն ինձ կրկնակի է՝ 20 հազար դոլար, բայց ես ակնկալում էի, որ գոնե 10 հազար դոլարը վերադարձնի»,- ասում է Քրիստինե Ոսկանյանը։ Նա իր դժգոհությունն է հայտնում Հայաստանի իրավապահ մարմինների նկատմամբ և հարցնում է՝ ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար, ինչու՞ 5 տարի ձգվեց գործը, և վաղեմության ժամկետներն անցան։ 

«Կալիստա Վոյաժ» տուրօպերատորի տնօրեն Աննա Սարգսյանն էլ «Հետքի» հետ զրույցում նշում է․ «Ինքը գիտեր, որ չի կարա էդ գումարների տակից դուրս գա և մտավ մի խաղի մեջ, որը իրանը չէր։ Բոլոր տուժածները պարտաճանաչ վճարումներ են արել, մենք այդ ձևով ենք աշխատում»,- ասում է Աննա Սարգսյանը։ Նրա խոսքով՝ այդ դեպքերից հետո մեկ անգամ է հանդիպել Անիի հետ, վերջինս ամուսնու հետ, ով նաև իր փաստաբանն է եղել, գնացել է Աննայի տուն՝ դեպքի վերաբերյալ խոսելու։ «Ես ասացի՝ 80 հազար դոլարի մինուս եմ գնացել, էդ գումարներն իմ գրպանից եմ վճարել իմ հաճախորդներին՝ տուրիստական ընկերություններին»,- պատմում է Աննա Սարգսյանը։ Ըստ նրա՝ այդ ընթացքում 38 շաբաթական հղիություն է ունեցել, և դեպքերն այնքան են ազդել իր վրա, որ ծանր վիճակով հիվանդանոց են տեղափոխել։ Նա վաճառել է իր ավտոմեքենան և այլ թանկարժեք իրեր, որ կարողանա իր հաճախորդներին խոստացած ծառայությունները մատուցի՝ այլ օպերատորներից փաթեթներ գնելով։

«Հլը ինքը սենց վարվեց մեզ հետ, բա օրենքը, բա ու՞մ համար եմ հարկը վճարում, եթե իմ պետության մեջ չպիտի ինձ զգամ պաշտպանված, ինքը ստանդարտ քցոցի է արել, բա պատասխանատվություն չպիտի՞ կրի»,- նշում է Աննա Սարգսյանը։ 

Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը տուրիստական կազմակերպությունները բողոքարկել են հսկող դատախազին, դատախազը մերժել է բողոքը։ Տուրիստական կազմակերպությունները որոշել են բողոք չներկայացնել դատարան՝ համարելով ապարդյուն։ Կազմակերպությունները չեն ներկայացրել նաև քաղաքացիական հայց՝ պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։

Քանի որ Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Կառավարության, գործով տուժող է և կրել է 53 մլն դրամի վնաս, մենք գրավոր հարցում արեցինք Կառավարությանը, թե արդյոք ծանուցվե՞լ են, որ քրեական վարույթը կարճվել է, եթե այո, ապա բողոք ներկայացնելու՞ են հսկող դատախազին։ Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք պատճառված վնասի փոխհատուցման պահանջով քաղաքացիական հայց ներկայացրե՞լ են։ Կառավարությունն այս պարզ հարցերին պատասխանելու համար նախ 30-օրյա ժամկետ խնդրեց, ապա 30 օրը չլրացած՝ պատասխանեց, որ «համապատասխան գերատեսչություններին տրվել է հանձնարարական՝ գործն ուսումնասիրելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկելու վերաբերյալ»։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգով որոնելիս պարզ դարձավ, որ Կառավարությունը 53 մլն դրամի փոխհատուցման պահանջով որևէ հայց չի ներկայացրել դատարան։

Մենք երկրորդ հարցումն ուղարկեցինք Կառավարությանը՝ հետաքրքրվելով, թե ինչու՞ փոխհատուցման պահանջով հայց չեն ներկայացրել դատարան։ Կառավարությունը մեր հարցումը վերահասցեագրեց Ֆինանսների նախարարությանը, որն էլ հայտնեց, թե քրեական վարույթով տուժող ճանաչվելու վերաբերյալ Կառավարությունը տեղեկացել է 2025 թվականի հունվար ամսին։ Ստացվում է՝ միայն գործը կարճվելուց հետո է Կառավարությունը տեղեկացել, որ տուժողի կարգավիճակ ունի։

Իսկ ինչ վերաբերում է 53 մլն դրամի փոխհատուցման պահանջով քաղաքացիական հայց ներկայացնելուն, Ֆինանսների նախարարությունը նշում է․ «Խնդրո առարկա քրեական վարույթի շրջանակներում վնասի հատուցման պահանջ ներկայացնելու իրավական և փաստական հիմքերը ներկայում գտնվում են ուսումնասիրության փուլում»։ Զարմանալի է, որ Ֆինանսների նախարարությունը դեպքից հինգ տարի հետո է «քնից արթնացել»: Սակայն, հարկ է նշել, որ ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, իսկ այդ դեպքից անցել է արդեն 5 տարի։ Ավելին, քրեական վարույթը որևէ կերպ կաշկանդող հանգամանք չէր կարող հանդիսանալ Կառավարության համար, որ վնասի փոխհատուցման հայց ներկայացներ, ինչը չի արել 5 տարի շարունակ, և հավանական է, որ Կառավարությանը չի էլ հաջողվի վնասի փոխհատուցման հայց ներկայացնել դատարան, քանի որ ինչպես նշեցինք, անցել են հայցը ներկայացնելու ժամկետները։

Նշենք, որ նույնաբովանդակ հարցումով դիմել էինք նաև Դատախազություն, սակայն հարցման պատասխանը դեռ չենք ստացել։