Քաղաքացու դեմքին թքող ԱԺ նախագահը հորդորում է դադարեցնել մեկս մյուսի նկատմամբ առավել դասվելու արատավոր սովորույթը

Քաղաքացու դեմքին թքող ԱԺ նախագահը հորդորում է դադարեցնել մեկս մյուսի նկատմամբ առավել դասվելու արատավոր սովորույթը

Ամանորին ընդառաջ` բոլորը հերթով ամփոփում են տարին և ինչ-որ ուղերձներ հղում: Շատերի ուղերձներն ուղղակի նյարդայնացնում են մարդկանց, քանզի դրանցում շարունակում են գերակշռել ավելորդ պաթոսն ու կեղծ արժեքները: Այդպիսին կարելի է համարել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը, որտեղ նաև խոսում է այնպիսի արժեքներից, որոնցից ինքը կամ զուրկ է, կամ տարվա ընթացքում իր պահվածքով ճիշտ հակառակն է ապացուցել:

Ահավասիկ, օրը ցերեկով քաղաքացու հանդեպ իր` սոսկ պաշտոն ու "ախռանիկ" ունենալու հաշվին առավելությունն ընդգծելով նրա երեսին թքող ու պատասխան չտվող, այդ նույն և շատ այլ քաղաքացիների, նաեւ լրագրողների քննադատությունն ու կարծիքը չհանդուրժող և նրանց «բլոկ» անող, դատի տվող, նաև ամբողջ տարին ոչ միայն ամբարտավան ձևով գլուխգովանությամբ աչքի ընկած Ալեն Սիմոնյանը խոսում է իրար նկատմամբ հանդուրժող լինելուց և կոչ է անում դադարեցնել գլուխ գովելու, մեկս մյուսից առավել դասվելու արատավոր սովորույթը:

Ահա նրա խոսքից մի հատված. «Այո, դժվար է, բայց մենք պետք է վերջ դնենք ատելությանը, անհանդուրժողականությանը, պատմության և իրականության մեջ ավելի ուժեղի փնտրտուքը: Դադարեցնենք նաև գլուխ գովելու, մեկս մյուսից առավել դասվելու արատավոր սովորույթը»:

Ու թեև մեծ հույսեր չունենք, բայց մենք էլ մեր կողմից մաղթում ենք, որ ԱԺ նախագահի այս բարձրագոչ հորդորներին նախևառաջ ականջալուր լինի հենց ինքը` Ալեն Սիմոնյանը:

 

Վահե Մակարյան