ՀՀ իշխանությունների գործողությունները մեր երկրի համար լրջագույն սպառնալիքներ են պարունակում. քաղաքագետ

ՀՀ իշխանությունների գործողությունները մեր երկրի համար լրջագույն սպառնալիքներ են պարունակում. քաղաքագետ

Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթաց, բայց իրականում այս գործընթացը ոչ այլ ինչ է, քան հայկական կողմի միակողմանի զիջումներ և չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը նույնպես կգնա ընդհանուր պայմանավորվածությունների կատարման: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Արման Ղուկասյանը:

Նրա խոսքով, Հայաստանում բավականին անհասկանալի գործընթաց է ընթանում, որոշ իմաստով՝ մանիպուլյացիոն, քանզի բոլոր նրանք, ովքեր խոսում են խնդիրների մասին ու հարցեր են բարձրաձայնում, պիտակավորվում են իշխանությունների կողմից, թե պատերազմ են ուզում, խաղաղություն չեն ուզում: Սակայն իրականում հասկանալի է, որ բոլորն են ուզում խաղաղություն, բայց որտե՞ղ են միջազգային երաշխիքները: Խնդիրը, ըստ բանախոսի, նրանում է, որ հենց այդ երաշխիքներն է, որ չկան:

«ՀՀ իշխանությունները դժգոհ էին Ռուսաստանից, հրաժարվել են ռուսական կողմի միջնորդությունից, բայց տեսանելի չէ, որ կա Արևմուտքի միջնորդությունը այս գործընթացում: Չկան որևէ միջազգային երաշխիքներ և հասկանալի չէ, թե ի՞նչ հիմքով են իշխանություններն այդքան վստահ, որ Բաքուն կպահի պայմանավորվածությունները և տեղի կունենա սահմանազատում և սահմանագծում, և որպես վերջնարդյունք՝ կլինի խաղաղություն: Միջազգային երաշխիքների բացակայությունը ընդհանրապես վստահություն չի ներշնչում՝ հաշվի առնելով ադրբեջանական կողմի մշտական գործելաճը»,- ասաց նա:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ աշխարհում տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ, աշխարհաքաղաքական տեղափոխումներ, և այս ամենի ֆոնին Հարավային Կովկասը այդ առումով բավականի հետաքրքիր է դառնում, Ղուկասյանը նշեց, որ Հայաստանը այս ամենի մեջ պետք է փնտրի իր շահը, կարողանա այնպես անել, որ այդ շահը մաքսիմալ կերպով առաջ տանի ու պաշտպանի, և ոչ թե ՀՀ միջոցով որոշ երկրներ փորձեն մեր շահի փոխարեն իրենց շահը առաջ տանեն, ինչը փորձում են անել բոլորը: 

«Այս առումով ՀՀ իշխանությունների գործելաոճը կամ գուցե գործընթացների ոչ այդքան ճիշտ ընկալումները տեղիք են տալիս մտածելու, որ մենք, մեղմ ասած, լավ վիճակում չենք գտնում: Տեսանելի է, որ Թուրքիան և Ադրբեջանը և որոշ երկրներ, արտաքին քաղաքական ուժեր փորձում են իրենց խնդիրները լուծել Հայաստանի շահերի հաշվին: Եվ եթե մենք խոսում ենք սահմանազատում-սահմանագծում գործընթացների մասին, ապա դա պետք է սկսվեր զուգահեռաբար, բայց դեռևս տեսնում ենք միակողմանի գործընթաց: Հասկանալի է, որ սա շատ վատ նախադրյալ է, որ գործընթացը մեր հաշվին է ընթանում և հասկանալի չէ, թե ինչու հայելային չի ընթանում գործընթացը»,- նկատեց նա:

Բանախոսը, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ասաց, որ ՀՀ իշխանությունները, խնդիրներ ստեղծելով դրանցում քաղաքական բաղադրիչի առումով, այնուամենայնիվ տնտեսական մասով շատ լավ հասկանում են, որ թե՛ ռուսական շուկան, թե՛ ԵԱՏՄ-ն այսօր իսկապես չունեն այլընտրանք Հայաստանի համար:

«Խնդիրը նրանում է, որ ՀՀ իշխանությունների մոտ թյուրըմբռնում կա, թե տնտեսականն ու քաղաքականը կարելի է տարանջատել: Մինչդեռ նման բան չի կարող լինել, որ ՀՀ-ն, օրինակ դուրս գա ՀԱՊԿ-ից և այդ քայլը  չազդի տնտեսության վրա: Այդպես չի կարող լինել, ավելին՝ դա շատ վտանգավոր քաղաքականություն է. չես կարող մերժելով քաղաքականը, պահել տնտեսականը»,-նշեց նա:

ՀՀ-ՌԴ հարաբերություններում առաջացել են հարցեր ոչ միայն հայկական կողմի ոչ ճիշտ կողմնորոշվելու և ոչ ճիշտ քաղաքականություն վարելու պատճառով, այլև բնական պատճառներով պայմանավորված՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների փոփոխությունները: Եվ, ասաց Արման Ղուկասյանը,  սա նշանակում է, որ կա անելիք՝ պետք է լինի երկխոսություն, պարզ ու թափանցիկ երկխոսություն այս հարցերը բարձրաձայնելու, լուծումներ գտնելու համար:

«Ցավոք, ես նման գործընթաց չեմ տեսնում հայկական կողմից, բայց այն անհրաժեշտ է, քանի որ փոխվում են իրողությունները, դրանց զուգահեռ տարածաշրջանում փոխվում են ՌԴ շահերը և այլն: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է ուզում ՌԴ-ն տարածաշրջանից, պետք է հասկանանք, որ հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի են տեղափոխվում և պետք է հասկանանք, թե դա ինչ կարող է մեզ տալ: Բայց, ցավոք, երկխոսություն չկա, ինչը մոր օգտին չի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է դիվերսիֆիկացիոն քաղաքականությանը, ապա Ղուկասյանը դրան դեմ չէ, քանի որ ՀՀ շահերից ելնելով ճիշտ է բոլորի հետ փորձել վարել այն քաղաքականությունը, որը բխում է մեր պետական ու ազգային շահից, բայց դա չպետք է տեղի ունենա մյուսի հաշվին: Օրինակ, եթե ՌԴ հետ տարվի ճիշտ երկխոսություն, ապա  ՀՀ-ին կհաջողվեր վարել այն դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը, որի մասին հայտարարվում է: Բայց ամենը արվում է ի հաշիվ ՀՀ-ՌԴ հարաբերությունների, ընդ որում՝ բավականին կոշտ ձևով: «Առաջիկայում Հայաստանը հայտնվելու է էլ ավելի տուրբուլենտ վիճակում: Աշխարհի անկայունացմանը զուգահեռ գործընթացները ավելի են արագանալու, ինչը ազդելու է նաև մեր տարածաշրջանի վրա: ՀՀ իշխանությունների կուրսը շատ վտանգավոր է հենց Հայաստանի կայունության համար, քանի որ ունեցածի հաշվին տարվող դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը վտանգ է իր մեջ պարունակում ու խնդիրներն արդեն իսկ տեսանելի են: Գործող իշխանությունների քայլերը խաղաղության չեն կարող բերել»,- հավելեց քաղաքագետը: