Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Խորհրդարանում թեժ է լինելու, Ծեծկռտուք՝ նախկին պաշտոնյային պատկանող ռեստորանում․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները Փարաքարի գյուղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործի վրա փորձում են աչք փակել ու կարճել այն:

Քաղաքական իշխանությունները իրավապահներին հասկացրել են, որ համայնքի ղեկավարն իրենց «սրտի պաշտոնյան» է, ու պետք է թեման փակել։ «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ ընթացք ստացավ համայնքի ղեկավարի մասնակցությամբ գրանցված միջադեպը, ինչին ի պատասխան՝ Կոմիտեի լրատվականից հայտնեցին. «Փարաքարի գործով երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։ Այս պահին նախաքննությունը շարունակվում է»։ Նշենք, որ մեղադրյալներից մեկը հենց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարն է, որի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, ու երկրից բացակայելու արգելք դրվել։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 24-ին Armlur.am-ը գրել էր, որ Փարաքար գյուղից հասած տեղեկությունների համաձայն՝ ուշ գիշերին Թաիրով գյուղում գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում թեժ կռիվ է եղել: Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը եւ Գոռ անունով եւս մի անձ, իրենց ընկերների հետ միասին գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել են նշված ակումբում գտնվող անձանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հաճախորդների, նշված ակումբի աշխատակիցների նկատմամբ, բռնություն գործադրել հաճախորդների նկատմամբ եւ ապակյա բաժակներով հարվածել պատերին, կոտրել ակումբի ապակիները, այնուհետեւ նույն վարքագիծը դրսեւորել ակումբից դուրս՝ ճանապարհի երթեւեկելի հատվածում, խափանել են ավտոմեքենաների բնականոն երթեւեկությունը: Ու սա ներվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

 Հաջորդ երկուշաբթի խորհրդարանում փակ հանդիպում տեղի կունենա՝ ՔՊ-ական շահագրգիռ պատգամավորների եւ կառավարության մի շարք անդամների միջեւ։ Հանդիպման կազմակերպիչը Գեւորգ Պապոյանն է՝ ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ, որի հեղինակած խնդրահարույց օրենքի նախագծին արդեն անդրադարձել ենք։ Պապոյանն ԱԺ է հրավիրել փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին ու Տիգրան Խաչատրյանին, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարներին, ԿԲ ներկայացուցիչներին, որպեսզի նրանք էլ կարծիք հայտնեն իր նախագծի վերաբերյալ, որը, ինչպես նշել ենք, օրենքի ուժ ստանալուց հետո շինարարական ոլորտում մենաշնորհ կձեւավորի։ Երկուշաբթի օրվա հանդիպումից հետո պարզ կդառնա չարաբաստիկ նախագծի ճակատագիրը, որի նկատմամբ առարկություններ ունեն նաեւ ՔՊ-ում՝ կընդունվի այն Պապոյանի՞ տարբերակով, թե՞ խմբագրումներով։

Հիշեցնենք. Պապոյանն առաջարկում է, որ հիպոթեքով առաջնային շուկայից բնակարան ձեռք բերող քաղաքացիների՝ բանկից ձեռք բերված վարկի գումարն ամբողջությամբ չտրամադրվի կառուցապատողին, դրա 25 տոկոսը փոխանցվի, մնացած 75-ը՝ այն ժամանակ, երբ բնակարանը կկառուցվի եւ կհանձնվի սեփականատիրոջը։ Մինչդեռ բանկային ոլորտի հետ անցած շաբաթ կայացած քննարկման ժամանակ Պապոյանին բացատրել են, որ այս դրույթն ընդունելու դեպքում բազմաբնակարաններ կկարողանան կառուցել միայն դոլարային միլիարդատերերն ու օլիգարխները, քանի որ գաղտնիք չէ, որ կառուցապատողները բանկից ստացվող գումարներով են ավարտին հասցնում գործը։ Ի դեպ, Պապոյանը, մեզ հասած լուրերով, մտադիր է նաեւ օրենքին հետադարձ ուժ տալ։

«Իրավունք» թերթը գրում է․

«Արցախյան մեր աղբյուրների հավաստմամբ, Արցախում այս պահին Ռուսաստանի Դաշնության վստահելի մարդը, որքան էլ տարօրինակ հնչի, պետնախարար Գուրգեն Ներսիսյանն է: Ըստ նույն աղբյուրի խոսքերի. «Նրան, որպես ուժային համակարգի նախկին աշխատակից, վստահում է ռուսական կողմը, վստահ լինելով, որ ինֆորմացիայի սլիվ չի լինի, հաշվի առնելով նրա սառը եւ կոշտ բնավորության գիծը, ով իրեն մոտ չի թողնում»»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ամառը խորհրդարանում թեժ է լինելու: Հաջորդ շաբաթ մեկնարկում են ԱԺ հերթական նիստերը, իսկ ամռանը արտահերթ նիստեր կլինեն, քանի որ շատ նախագծեր կան, որոնք օդում են մնացել, դեռ չեն քննարկվել, ուստի, հերթական նիստերից բացի, ԱԺ արտահերթ նիստեր կգումարվեն, որպեսզի նախագծերը քվեարկվեն:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցեցին, որ պատգամավորներին հրահանգ է իջեցվել մինչեւ ԱԺ պաշտոնական արձակուրդը՝ հուլիսի 15, գուցե նաեւ մինչեւ օգոստոսի 1-ը երկրից երկար ժամանակով չբացակայել, արձակուրդի ծրագրեր չկազմել: Արտահերթ նիստերի ավարտից հետո նոր պատգամավորները կարող են հանգստի մասին մտածել: Ընդ որում՝ ՔՊ-ականներին ասվել է, որ ամռանը եւս քաղաքական դաշտն ակտիվ պետք է պահել, նոր նախագծեր հեղինակել, տարբեր թեմաներով քննարկումներ կազմակերպել:

Թե որն է սրա նպատակը, ՔՊ-ականների համար եւս անհասկանալի է, բայց «հրահանգ է» եկել, պետք է կատարեն: Գուցե պատճառը Երեւանի ավագանու ընտրություններն են։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հովիկ Աբրահամյանին եւ նրա մերձավորներին պատկանող «Հրաշք այգի» ռեստորանում օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզի Դեղձուտ համայնքի վարչական շրջանի ղեկավար Յուրիկ Մուրադյանի կողմնակիցների եւ նախկին ու ներկա ոստիկանների միջեւ։ Ականատեսների պատմելով՝ համայնքապետն ու նրա մտերիմները, ավելի կոնկրետ՝ հարազատներից ՆԳՆ աշխատակից Ռաֆիկ Մովսիսյանը, ծեծի են ենթարկել Երեւան քաղաքի հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակից՝ կարմիր բերետավոր Տաճատ Նորատունկյանին։

Ռեստորանի բակում բեմադրված մարտաֆիլմի առիթը եղել է կնոջ թեման, Նորատունկյանին սեփական կնոջ աչքի առջեւ ծեծի են ենթարկել, «բազարը» շարունակվել է Դեղձուտում, սակայն քանի որ համայնքի ղեկավարն իշխանությունների մոլի աջակիցն է, իրավապահներն աչք են փակել գյուղում քննարկվող այս միջադեպի վրա, եւ փաստով գործ չկա հարուցված։ Ի դեպ, գյուղապետը նախկինում էլ ՀՀԿ-ի «տասովշչիկներից» էր։

Երեկ համայնքապետից հետաքրքրվեցինք, թե ինչից է առաջացել վեճը։ Նա սկզբում հերքեց միջադեպի փաստը, ապա խոստովանեց՝ պնդելով, որ ոչ թե ինքն է մասնակցել, այլ՝ ուրիշը․ «Մենք՝ բոլորս, մի խնջույքի էինք մասնակցում, կարծեմ՝ մատաղի արարողություն էր, չգիտեմ, թե ինչ պատճառով է եղել միջադեպը»: Հետաքրքրվեցինք՝ իրավապահները զբաղվո՞ւմ են գործով, ինքը՝ որպես համայնքի ղեկավար, դիմե՞լ է նրանց։ Մուրադյանն ասաց, թե «պանիխիդայի» է եւ չի կարող մեր հարցերին պատասխանել»:

Send