Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի լինի․ Զախարովա

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի լինի․ Զախարովա

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա: Այդ մասին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում՝ «Риа Новости»- ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետը նշել է, որ ոչ թե Ռուսաստանն է ճանաչել Բաքվի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, այլ Հայաստանի ղեկավարությունը։ Զախարովան կոչ է արել Երևանի որոշումների մեղքն ու պատասխանատվությունը չդնել Ռուսաստանի վրա․

«Ռուսաստանը չէր, որ ճանաչեց Ադրբեջանի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, դա արեց Հայաստանի ղեկավարությունը։ Դա իրենց՝ Հայաստանի ժողովրդի որոշելիքն է, թե ինչպես վերաբերվի դրան։ Բայց պետք չէ Երեւանում կայացված որոշումների մեղքն ու պատասխանատվությունը Ռուսաստանի վրա բարդել։ Ռուսաստանում թշնամի փնտրելու կարիք չկա. Ռուսաստանը երբեք Հայաստանի թշնամի չի եղել և չի լինի. Դա երբեք չի լինի»,- ընդգծել է նա։

Զախարովան նաև հավելել է, որ Մոսկվայի կոշտ արձագանքը Ռուսաստանի վերաբերյալ Երևանի կոշտ հայտարարություններին «պատճառաբանված է հասկացությունների փոխակերպմամբ»։

«Մենք ուշադրություն ենք դարձրել ոչ այնքան անձնական բնույթի տոնայնությանն ու վիրավորական բաներին, կոպտությանը, մենք դրա վրա ուշադրություն չենք դարձրել, այլ այն, որ դրանք հիմնված են կեղծիքի, անճշտության կամ փաստերը փոխակերպելու փորձի վրա․ հենց դա է առաջացրել մեր արձագանքը, դրա համար էլ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ»,- նշել է Զախարովան։

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունը չի ցանկանում վիճարկել երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները: