Վատ եղանակ Եվրոպայում՝ ջրհեղեղներ Նորվեգիայում և Խորվաթիայում, ծայրահեղ շոգ՝ Իսպանիայում

Նորվեգիայում շուրջ 4000 մարդ է տարհանվել «Հանս» փոթորկի հետևանքով տուժած շրջաններից, որն առաջացրել է սաստիկ ջրհեղեղներ և ավերածություններ: Որոշ դեպքերում ուղղաթիռներ են օգտագործվել հեռավոր շրջանների բնակիչներին փրկելու համար։ Նորվեգիայի հարավը հայտարարվել է «կարմիր տագնապի» գոտի։ Այնտեղ մի քանի օր է հորդառատ անձրեւներ են տեղում։ Մի քանի գետեր դուրս են եկել ափերից, և գրանցվել է պատնեշի մասնակի խափանում: Մայրաքաղաք Օսլոյի և մեծությամբ երրորդ քաղաքի՝ Տրոնհեյմի միջև բոլոր ճանապարհները փակ են։
Խորվաթիայում Դրավա գետի ջրի մակարդակը հասել է իր պատմական առավելագույնին՝ 704 սմ: Օրեր առաջ հորդառատ անձրեւների պատճառով երկրի մի քանի շրջաններում արտակարգ դրություն էր հայտարարվել, սակայն այժմ, տեղական իշխանությունների տվյալներով, իրավիճակը քիչ թե շատ վերահսկելի է: Զինվորականները և տեղի բնակիչները ավազի պարկերով պատնեշներ են կառուցում գետերի ամենախոցելի ափերի հատվածներում:
Միաժամանակ Իսպանիան տառապում է հերթական շոգից։ Վալենսիայում ջերմաստիճանը քաղաքի կենտրոնում բարձրանում է մինչև 46ºС։ Ըստ որոշ օդերևութաբանների, շոգը հասել է իր գագաթնակետին, սակայն շրջանների մեծ մասում վտանգի դեղին և նարնջագույն մակարդակը պահպանվում է, կարմիր մակարդակ հայտարարված է Վալենսիայում և Մուրսիայում: