Ինչո՞ւ են փորձել այրել Կապանի քաղաքապետի ավտոմեքենան

Ինչո՞ւ են փորձել այրել Կապանի քաղաքապետի ավտոմեքենան

Մի քանի օր առաջ լուր տարածվեց, որ Կապանում փորձել են այրել քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող Lexus LX570 մակնիշի ավտոմեքենան։ 

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Փարսյանը MediaHub-ին ասաց, որ արդեն հայտնի է՝ ով է այդ արարքի հեղինակը, և որն է եղել պատճառը։

«Փորձել են այրել, պատճառն էլ, իմ իմացած տեղեկություններով, այն է, որ կատարողը ենթադրել է, որ ինքը քաղաքաշինության բաժնի տրամադրած փաստաթղթերի հետ կապված խնդիր ունի»,- ասաց Փարսյանը։

Այսինքն՝ քաղաքապետարանից դժգոհություն է ունեցել, դրա՞ համար է այդ քայլին դիմել, քաղաքապետն ասաց․ «Ենթադրել է, թե դժգոհություն ունի, բայց, իրականում, որևիցե խնդիր ինքը չի ունեցել։ Ու մենք համոզված ենք, որ որոշակի հոգեկան շեղումներ ունի այդ մարդը»։

Արարքի հեղինակին արդեն հայտնաբերել են, և նախաձեռնվել է քրեական վարույթ։ Փարսյանն ասաց՝ այդ մեքենան իր ընտանիքին պատկանող կազմակերպության հաշվեկշռում գրանցված ավտոմեքենա է, հիմա ինքն այդ նույն ընկերությանը պատկանող մեկ այլ մեքենայով է երթևեկում։

Վահե Մակարյան