Ամեն ինչ արվում է, որ ավագանու անդամներն ազատ հայհոյեն․ փոփոխություններ քաղաքապետարանում

Երևանի ավագանու վաղվա նիստին ընդառաջ քաղաքապետարանը նոր անակնկալ ունի լրագրողների համար․ ապակիներով փակվել է այն հատվածը, որտեղից իրենց մասնագիտական գործունեությունը ծավալող լրագրողներն ու օպերատորները հետևում էին նիստին, հաճախ նաև շարունակում ուղիղ հեռարձակում ապահովել այն դեպքերում, երբ նիստը վարողը իրենց տեխնիկական մասի աշխատակիցներից պահանջում էր անջատել ուղիղ եթերը։
Ավագանու նիստերը լուսաբանող լրագրողներն այս ամենը որակում են որպես մամուլի ազատությունը հերթական անգամ ոտնատակ տալուն միտված քայլ։
MediaHub-ը Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են լրագրողների օթյակը ապակիներով առանձնացրել նիստերի դահլիճից։
Ի պատասխան մեր հարցի՝ Կոստանյանն ասաց՝ լրագրողների հատվածի թափանցիկ բաժանմամբ առանձնացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավագանու մի շարք նիստեր ուղեկցվել են լարված միջադեպերով և, որոշ դեպքերում, անպարկեշտ արտահայտություններով, այդ թվում՝ հայհոյանքներով։
«Հաշվի առնելով, որ նման երևույթները ոչ միայն անընդունելի են, այլև ցանկալի չէ, որ հանրությունը դրանց ականատեսը լինի, անհրաժեշտ է դարձել ապահովել ավելի կազմակերպված և հանգիստ աշխատանքային միջավայր, որտեղ թե՛ նիստի մասնակիցները, թե՛ լրագրողները կարող են կատարել իրենց աշխատանքը՝ առանց խանգարելու միմյանց»,- նշեց Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով՝ այս փոփոխությունը չի սահմանափակում լրագրողների դիտման կամ լուսաբանման հնարավորությունները․ պահպանված են ուղիղ եթերի, ձայնագրության և տեղեկատվության հասանելիության բոլոր պայմանները։
Նարե Գնունի