Գյումրիում ձերբակալվածներից 5-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը

Հակակոռուպցիոն կոմիտեից հաղորդագրություն են տարածել․
«Ինչպես արդեն տեղեկացվել է, ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակում նախօրեին ձերբակալվել էր 8 անձ՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու հիմքով: Նույն օրը նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ 6-ը օրենքով սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ վերջիններիս նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններով: Ներկայացված միջնորդություններից 5-ը դատարանի կողմից ամբողջությամբ բավարարվել են, և մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել վարչական հսկողությունը: Վերջիններս օրենսդրությամբ սահմանված կարգով ազատ են արձակվել, և նրանց վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայություն: Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
«Դատարանը քննիչի միջնորդություններով մեղադրյալների նկատմամբ սահմանել է նաև արգելքներ՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության բնակության վայրը չփոխելու, գիշերային ժամերին բնակության վայրը չլքելու, ինչպես նաև որոշակի անձանց հետ (ըստ նախաքննական մարմնի ներկայացման) չհաղորդակցվելու վերաբերյալ:
Այլ կերպ՝ վարույթն իրականացնող մարմինը, առաջնորդվելով հանրային շահով, նպատակ ունենալով ապահովել քրեական վարույթով օբյեկտիվությունն ու անաչառությունը, ընտրել և միջնորդել է մեղադրյալների նկատմամբ ընտրել այնպիսի խափանման միջոցներ, որոնք, ի թիվս այլնի, առավելագույնս կապահովեն նաև վարույթի մասնակիցների ընտրական իրավունքի ազատ իրացումը: Վերոգրյալի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթի մասնակիցներին հորդորում է խստորեն պահպանել ընտրված խափանման միջոցների սահմանափակումները և պայմանները՝ դրսևորելով իրավահպատակ վարքագիծ»: