Արդեն տևական ժամանակ հայկական որոշ բեռների հետ կապված սահմանին իրապես ճգնաժամային իրավիճակ է ձևավորվել, և այս անհասկանալի ու անորոշ վիճակը դեռ շարունակվում է։
Գրեթե երկու ամիս է, ինչ հայ տնտեսվարողները չեն կարողանում ծաղիկ արտահանել ՌԴ, քանի որ «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը 2025-ի հունիսի 16-ից ժամանակավոր արգելք է սահմանել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծման վրա։
Այսպես, ստեղծված իրավիճակը միլիոնների վնաս է պատճառել տնտեսվարողներին։ Հարյուրավոր արտահանողներ, որոնք վարկային միջոցներով ներդրումներ էին արել ջերմոցային տնտեսություններում, այսօր կանգնած են ֆինանսական ծանր կացության առաջ։ Նրանց մեծ մասը, հույսը դնելով արտահանման սեզոնի վրա, ծախսեր էր իրականացրել՝ պլանավորված շահույթի հաշվարկով, սակայն ներկայում կրում են միլիոնների հասնող վնասներ։ Տնտեսվարողները օրեր շարունակ նաև բողոքի ակցիաներ էին իրականացնում, բայց բացի խոստումներից, թե պատկան մարմինները զբաղվում են իրենց հարցով, շոշափելի այլ բան չկար:
Երեկ տեղեկացանք, որ ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը մեկնել է Մոսկվա և Ռուսաստանի Դաշնության «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների պատկան մարմինների միջև համագործակցության զարգացումները, ինչպես նաև անրադարձել են ծաղկի շուկայում ստեղծված իրավիճակին։ Թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրությունները բացառապես դրական տոնայնություն ունեին, սակայն ի՞նչ է տալու այդ հանդիպումը վնասներ կրած հայ տնտեսվարողներին:
ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը MediaHub-ի հարցին, թե ի՞նչ փոփոխությունների սպասել հանդիպումից հետ ծաղկի շուկայում ստեղծված իրավիճակի շուրջ, ասաց՝ քանի որ հանդիպումը երեկ գիշերն է եղել, դեռ որևէ փոփոխություն չկա: Սակայն նշեց՝ այս ընթացքում մեծ տեղաշարժ կա։
«Մեր երկրում գործում է ծաղկի ավելի քան 700 ջերմոց, որոնցից 35-ի մոտ (101 հեկտար) ռուսական կողմի հետ համատեղ անցկացվել են առցանց տեսահսկողական միջոցառումներ: Արդյունքում 14 ընկերության (71 հեկտար) ծակիկների արտահանում թույլատրվել է»,- ասաց Հարությունյանը։
Էմմա Մարտիրոսյան