Հայկական վերջին առաջարկներում քարտեզների հարց է դրվել, «Մայր Հայաստան»-ը կդիմի դատարան․ Մամուլը՝ սուրճով

Հայկական վերջին առաջարկներում քարտեզների հարց է դրվել, «Մայր Հայաստան»-ը կդիմի դատարան․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ արդեն մոտ 3 տարի է՝ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովն աշխատում է` որոշակի պարբերականությամբ  նիստեր են անում, սակայն պարզվում է, որ կողմերը դեռ համաձայնության չեն եկել, թե որ թվականի քարտեզներով են գծվելու Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները։

ԱԳՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հունվարի 4-ին Հայաստանի՝ Ադրբեջանին ուղարկված խաղաղության պայմանագրի առաջարկների հերթական փաթեթում, ի թիվս այլ տեխնիկական առաջարկների, ներառված է դեմարկացիայի գործընթացի համար քարտեզներ ամրագրելու հարցը։

Հայկական կողմի համար ընդունելի են 1974-78 թթ․ ռուսական Գլխավոր շտաբի քարտեզները, իսկ հունվարի 10-ին Ալիեւը հայտարարեց, որ այդ քարտեզներն իրենց համար ընդունելի չեն»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» եւ նրա հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն» խմբակցության ձեռամբ, ինչպես նաեւ ավագանիում փոքրամասնություն կազմող ՝ ՔՊ կցորդ դարձած «Հանրային ձայն»-ի աջակցությամբ՝ ավագանու երեք ընդդիմադիր անդամներ՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանն ու Նարինե Հայրապետյանը, զրկվեցին ավագանու անդամի մանդատներից:

Օրակարգում նախապես ավագանու 5 անդամներին մանդատից զրկելու հարց էր դրված, սակայն Զարուհի Փոստանջյանին ու Գեւորգ Ստեփանյանին մանդատից զրկելու համար իշխանության ձայները չբավականացրին. նրանք կպահպանեն մանդատները:

Իսկ ովքե՞ր են փոխարինելու ավագանու՝ մանդատից զրկված անդամներին:

«Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ Մարությանի փոխարեն ավագանու անդամ կդառնա «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Արամ Մանուկյանը. վերջինս անհատ ձեռներեց է:

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ մեզ փոխանցեց, որ պատրաստվում են վիճարկել ավագանու որոշումը, դիմելու են դատարան, ուստի նման հարց՝ ում են անցնելու Սոնա Աղեկյանի ու Նարինե Հայրապետյանի մանդատները, դեռ չեն քննարկել:

Թե երբ են պատրաստվում վիճարկել որոշումը, Մանուկ Սուքիասյանն ասաց. «Մեր իրավաբաններն այդ հարցով են զբաղվում, սեղմ ժամկետում կդիմենք դատարան»»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչական դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, բավարարել է սփյուռքահայ դաշնակցական Սյունե Աբրահամյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի։ Հիշեցնենք, որ Սյունեին, նրա հորը՝ Մասիս Աբրահամյանին, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին եւ այլոց արգելվել էր մուտք գործել Հայաստան: Նրանք «Զվարթնոց» օդանավակայանից ստիպված էին եղել վերադառնալ։

Օրեր առաջ Մուրադ Փափազյանն ու Մասիս Աբրահամյանը եւս հաղթել են դատարանում։ Սյունե Աբրահամյանի հայցը բավարարվել է փետրվարի 5-ին, ԱԱԾ-ն 1 ամիս ունի այն բողոքարկելու համար»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տարին նոր է սկսվել, իսկ ՀՀ Ազգային ժողովի ավտոմեքենաներն արդեն ենթակա են վերանորոգման։ Բանն այն է, որ Ազգային ժողովը 2024 թվականի հունվարի 24-ին ԱԺ սպասարկող ավտոմեքենաների վերանորոգման համար հատկացրել է 14 մլն 500 հազար դրամ։

Հիշեցնենք, որ նախկինում գրել էինք՝ ԱԺ մեքենաների ապահովագրման համար բյուջեից ծախվել է գրեթե 4 մլն դրամ։

Ավտոմեքենաների վերանորոգման համար կնքվել է պայմանագիր «ՋԻ ԸՆԴ ՋԻ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ի հետ, որի տնօրենն է ոմն Արայիկ Ստեփանյան։
Պայմանագրով փոխվելու եւ կապիտալ վերանորոգվելու են ԱԺ մեքենաների շարժիչներից մինչեւ սրահ բոլոր դետալները։ Պայմանագրով մատուցվելու է 416 անուն ծառայություն։

Նախատեսված պայմաններից են, որ սպասարկման մեքենաների թիվը միանգամից կարող է լինել 3-ը, որոնց պետք է պահել տանիքածածկ եւ հսկվող տարածքում։ Պայմանագրով նախատեսված է նաև, որպես սպասարկող ընկերություն, ունենալ դեֆորմացված թափքի ուղղման ստենդ, զոդման համար անհրաժեշտ սարքավորումներ, այդ թվում՝ նաեւ այլումինի եւ չուգունի, ներկման, չորացման եւ հարդարման ժամանակակից միջոցներ։

Ըստ պայմանագրի՝ բոլոր ծառայությունները պետք է իրականացվեն Երեւան քաղաքի վարչական շրջանում սպասարկման արագությունն ապահովելու նպատակով։ Ծառայություններ իրականացնելու համար պահանջվում է նվազագույնը 2 ավտոփականագործ, 2 շարժիչագործ, 1 ավտոէլեկտրիկ, 1 անվաբացքի ուղղման մասնագետ, 2 թիթեղագործ-ներկարար»։