Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ»-ում լարված իրավիճակ է. ի՞նչ է կատարվել

Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ»-ում լարված իրավիճակ է. ի՞նչ է կատարվել

Վերջին շրջանում Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի հարավ–արևմտյան հատվածում, որը հայտնի է որպես «Կովերի պարտեզ», իրավիճակը բավականին լարված է, սակայն կողմերին հաջողվել է համաձայնության գալ: Այս մասին հայտնել է Երուսաղեմի թեմի առաջնորդական փոխանորդ Աղան Գոգչյանը։ 

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, հրեա վերաբնակիչները մեքենաներով և մոտոցիկլետներով մտել են «Կովերի պարտեզ»: Քաղաքի հայ բնակիչները շրջափակել են բարիկադավորված սահմանագիծը: Դեպքի վայր էին ժամանել նաև Իսրայելի ոստիկանության ուժերը և բանակի ստորաբաժանումները, որից հետո վերաբնակիչները ցրվել են:

Իսրայելի ոստիկանությունը թույլատրել է որոշ վերաբնակիչների, որոնց նպատակը տարածքը յուրացնելն է, մնալ «Կովերի պարտեզում»: Ի պատասխան՝ հայ բնակիչները կենդանի վահան են կազմել և խաղաղ կերպով հորդորել ազատել տարածքը:

Ըստ հաղորդագրության՝ Իսրայելի ոստիկանությունը 4 հայի է ձերբակալել. մեկն անչափահաս: Ձերբակալվածներն են՝ Գասաբյան Դանիելը՝ անչափահաս, նրա հայրը՝ Վահե Գասաբյան, Պետիկ Կիրակոսյանն ու Հարութ Ասլանյանը: Վերջիններս գիշերը ժամը 2։00-ին ազատ են արձակվել, պարտավորվելով 15 օրով հեռանալ «Կովերի պարտեզից»։

Իրավիճակը հասկանալու համար MediaHub-ը կապ հաստատեց Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանի հետ:

««Կովերի պարտեզ»-ի հետ կապված հակամարտությունը դեռ նոր է սկսվել: Կարող եմ փաստել, որ նոյեմբերի սկզբին Հայոց պատրիարքարանը հայտարարությամբ հանդես եկավ և տեղյակ պահեց համապատասխան կազմակերպությանը՝ «Կովերի պարտեզ» ձեռնարկը չեղարկելու մասին: Այդ լուրից հետո, իբր անտեղյակ լինելով, այս կազմակերպության ղեկավար Դենիել Ռուբինշտեյնը զինված, տեխնիկայով՝ տրակտորով, եկան և սկսեցին քանդել պատրիարքարանի կայանատեղի պատերը, շինարարական անօրիանական աշխատանքներ իրականացնել, որին դեմ կանգնեց հայկական համայնքը՝ պատրիարքի գլխավորությամբ, այստեղ նստացույց կազմակերպեցին: Հիմա այնտեղ վրան է տեղադրված և հայերը 24-,ժամյա ռեժիմով հերթապահում են, որպեսզի որևէ մեկը չգա և այնտեղ անօրինական աշխատանքներ չիրականացնի»,- ասաց նա:

Չերնամորյանը նշեց, որ հրեական կողմը իհարկե, չի ընդունում հայկական կողմի պահանջները: 

«Խնդիրն այն է, թե ինչու մեր պատրիարքը պետք է գնար հրեական պետության հետ գործարքի: Այս կազմակերպության հետևում կանգնած է հրեական պետությունը, Իսրայելի ներքին գործերի նախարարությունը, ներքին անվտանգության նախարարությունը, Երուսաղեմի քաղաքապետարանը, բազմաթիվ այլ ուժեր: Հրեական պետության հետ, այսպես ասած, գործարքի չեղարկումը, ցավոք, գրեթե անհնար է, նույնը տեղի ունեցավ հունական պատրարքարանի հետ, որը նաև մեկ հողակտոր կորցրեց Երուսաղեմի հին քաղաքում, սակայն հայերի կորուստները շատ ավելի մեծ կլինեն, եթե գործը հասնի Իսրայելի գերագույն դատարան»,- փաստում է Չերնամորյանը: 

Վերջինս վստահ է, որ Իսրայելի պետությունը հակահրեական որոշում չի կայացնի, այսինքն՝ պայքարը դեռ առջևում է: 

MediaHub-ի հետ զրույցում Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչներից Հակոբ Ճռնազյանն էլ իր հերթին նշեց, որ, այո՛, իրավիճակը բավականին լարված է, սակայն այս ամենը նա չի կապում Երևանում Սինագոգն այրելու փորձի հետ: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1–ին Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը նամակ է հղել «Xana Gardens» ընկերությանը՝ չեղյալ հայտարարելու 2021 թ. հուլիսի 8–ի համաձայնագիրը, որի համաձայն՝ հողամասը 99 տարով վարձակալության էր հանձնվել գործարար Դանիել Ռուբինշտեյնին՝ հյուրանոցի կառուցման համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անձամբ է ստորագրել «Կովերի պարտեզի» տարածքը 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը գործարար Դենիել Ռուբինշտեյնին՝ հյուրանոց կառուցելու համար: Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է անցկացնում այս գործարքի դեմ։

Նշենք, որ Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունն իր հերթին այսօր հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ խորը մտահոգությամբ հետևում է Հին քաղաքի հայկական թաղամասում առկա լարված իրավիճակին։ 

 

Ռեբեկա Հովհաննիսյան