Կարևոր՝ արցախցի վարորդների համար․ ո՞ր դեպքում չեք տուգանվի

Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած արցախցիներն օր օրի նոր խնդիրների են բախվում։ Կացարան, սնունդ ու հագուստ, աշխատանք գտնելու խնդրին զուգահեռ MediaHub.am-ը փորձում է նախ վեր հանել այլ՝ ավելի փոքր թվացող խնդիրները։
Այսպես, արցախցի վարորդներից մեկը «Տուգանքներ» ֆեյսբուքյան խմբում հրապարակում է արել՝ նշելով, որ իր վարորդական վկայականի ժամկետը լրացել է, ինքը դիմել է ՄՌՈւ, և այնտեղ իրեն ասել են, որ քանի որ Արցախից տվյալների բազան դեռևս չի փոխանցվել Հայաստան, իրեն չեն կարող նոր վկայական տալ։
«Հիմա ինձ կարո՞ղ են ակտավորել, եթե հին վկայականս մոտս է»,- հարց է հնչեցրել քաղաքացին։
MediaHub-ն այս հարցն ուղղեց ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության լրատվական բաժնին, որտեղից մեզ ասացին, որ գրավոր հարցմամբ պետք է դիմենք։ Դիմել ենք։
Բայց և այնպես, մենք կարողացանք ոստիկանության մեր աղբյուրներից ճշտել, որ այս պահին բազմաթիվ հարցեր են քննարկվում՝ կապված արցախցիներին բախված նմանօրինակ խնդիրների հետ։
«Քաղաքացիներն ուղղակի զգուշացվելու են, բայց տուգանքներ չեն լինելու։ Քննարկումներ են հիմա ընթանում, հստակ որոշումներ ու լուծումներ կլինեն։ Մի բան հստակ է, որ տվյալների բազայի չփոխանցման պատճառով խնդրի բախված ոչ մի արցախցի չի տուգանվի»,- հավաստիացրեց մեր աղբյուրը։
Ի դեպ, արցախցի վարորդները Հայաստանում մեկ այլ խնդիր էլ ունեն, որին կանդրադառնանք հաջորդիվ:
Նարե Գնունի