2020թ․ նոյեմբերի 9-ի ենթադրյալ խաղաղություն բերող հայտարարությունից 2 տարի անց խաղաղ չէ ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը։ Ավելին Ադրբեջանը հրադադարի հայտարարության օրը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ բացեց Հայաստանի ուղղությամբ։ Ըստ Պաշտպանության նախարարության՝ թիրախում եղել են հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված դիրքերը:
Վերլուծելով 2 տարվա հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նկատում է՝ Ադրբեջանի հետ ստորագրվելիք ոչ մի փաստաթուղթ խաղաղություն չի բերի։ Խաղաղության մասին լոզունգները, ըստ նրա, ի սկզբանե կեղծիք են եղել։
«Ով հավատում է այդ ստին՝ իր գործն է։ Թուրքի հետ խաղաղություն չի կարող լինել շատ պարզ պատճառով։ Մեր առջեւ ունենք Հունաստանի, Ռուսաստանի հետ չդադարող սադրանքները։ Հայության վերացման դեպքում՝ այո, խաղաղություն կլինի, որովհետեւ երկիրը կլցվի թուրքերով, իսկ թուրքը թուրքի հետ հարցեր չունի․ խաղաղությո՞ւն եք ուզում, ուրեմն հայերի փոխարեն թուրքեր պիտի լինեն»,- MediaHub-ի հետ զրույցում մեկնաբանեց քաղաքագետը։
Շաքարյանցի խոսքով, նույնիսկ այն հայերը, որոնք խաղաղության կողմնակիցն են, հայ կոչվել չեն կարող։
«Մենք խաղաղություն ունեցել ենք, բայց տեսա՞ք, թե ինչպես Շուշին հանձնվեց թուրքին։ Խաղաղությունը միայն կրակոց հնչել, չհնչելով չի որոշվում։ Երբ թշնամին դեռ տարածքի, հողի պայքար է տանում, շանտաժներ է անում, տրամաբանական է, որ չի ուզում մեզ հետ խոսել խաղաղության լեզվով։ ՀՀ-ում տրամաբանող մարդիկ չունե՞նք»,-հարցադրում արեց Շաքարյանցը։
Հարցին՝ ՀՀ իշխանությունը Ալիեւի շանտաժի տա՞կ է մնում, վերջինս պատասխանեց՝ «իհարկե», քաղաքագետը չբացառեց նաեւ Ալիեւի եւ Փաշինյանի գաղտնի պայմանավորվածությունները։
«Եթե հանցավոր գործարքի մեջ չեն, ապա այո, Թուրքիայի եւ Ադրբեջանի շանտաժի տակ են։ Մենք շատ ինֆորմացիաների չենք տիրապետում, զրկված ենք ու մեզ մնում է միայն ենթադրել, թե ինչ է իրականում կատարվում»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե իշխանականները վստահեցնում են՝ Փաշինյանը ի շահ Հայաստանի Հանրապետության է բանակցում, Շաքարյանցն արձագանքեց՝ սուտ է, ինքը չի հավատում։
«Վերելակային բանացկությունների արդյունքում Շուշին նվիրեց, չեմ էլ բացառում, որ իրականությանը համապատասխանում է այն պնդումները, թե նա խոստացել է Տավուշից 6 գյուղ եւս նվիրել, Տիգրանաշենն էլ տալ։ Ստախոսին պետք չէ հավատալ, «կարմիր կովը կաշին չի փոխում»»,-ընդգծեց նա։
Ըստ Շաքարյանցի՝ պատերազմից երկու տարի անց Փաշինյանը միայն ապացուցում է, որ թուրքի հավատարիմ ստրուկն է, ուրիշ ոչինչ։ Նրա խոսքով՝ մինչ այս Փաշինյանը նույնիսկ չի ապացուցել, որ պատերազմի նման արդյունքի մեղավորն ինքը չէ։
«Ջերմուկի հարձակումն էլ, բնականաբար, պլանավորված էր։ Չգիտեմ, թե ով ինչ մասնակցություն ուներ, չեմ կարող հստակ ասել, Փաշինյանն ինչ օգուտ ուներ այստեղ, բայց ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է մեր հանրության դեմ»,-հավելեց նա։
Սահմազատման եւ սահմանագծման հնարավոր գործընթացի մասին խոսելիս Շաքարյանցն ընդգծեց՝ քանի դեռ հարցերը քննարկվում են Վաշինգտոնում, հօգուտ Հայաստանի ոչինչ չի կարող լինել։
«Վաշինգտոնի նպատակն Իրանը կուլ տալն է, պատերազմն է։ Վաշինգտոն գնացողները պետք է իմանան, որ պատասխանատվության ժամը գալու է։ Դա նույնիսկ Ալիեւն է հասկացել, որն արդեն Իրանին է սպառնում։ Այս իրողությունը տարատեսակ վտանգներ է ներառում նաեւ Հայաստանի համար՝ ով որ թուրքին է ծառայում, վերջը ցավոտ է լինելու։ Իրանի զորքերը պատրաստ են ցանկացած գործողությունների»,-նշեց նա։
Լիա Սարգսյան