Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 8. «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 8. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2019-ի ապրիլի 17-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր ոչ միայն «ասֆալտին փռել, այլեւ «պատերով տալ» բոլոր նրանց, ովքեր տեղական ինքնակառավարման մարմիններում կփորձեն զորբայությամբ հարց լուծել: Նա, հիշեցնենք, պատասխանում էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ Գեղարքունիքի մարզի Վանեւան համայնքի մասին տված հարցին: Այդ օրերին վանեւանցիները գյուղապետի հրաժարականն էին պահանջում, իսկ Փաշինյանն իրավիճակը մեկնաբանում էր այսպես. «Եթե որեւէ մի համայնքում խնդիր կա, ապա հարցերը պետք է արտահերթ ընտրություններով լուծվեն»:

Այժմ, սակայն, իրավիճակ է փոխվել իշխող քաղաքական թիմի մոտ, ու «Քաղաքացիական պայմանագիրը», չհաշտվելով մի շարք համայնքներում տարած պարտության հետ, անում է հնարավորը, որ յուրայիններն իշխանության անցնեն հատկապես խոշոր համայնքներում: 2021-ի դեկտեմբերի 5-ին՝ Վանաձորում տեղի ունեցած ընտրություններից հետո, համայնքը մինչեւ վերջերս չէր կառավարվում: Իշխող թիմը թեեւ բացարձակ քվե չէր ստացել, բայցեւ չէր հաշտվում հնարավոր հանգամանքի հետ, որ կարող է կորցնել մանդատը, կամ կարող է քաղաքապետ ընտրվել Մամիկոն Ասլանյանը, այդ պատճառով Ասլանյանին կալանավորեցին: Օրերս Փաշինյանի հրամանագրով Արկադի Փելեշյանը՝ Ական, քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել:

Փաշինյանը, ում ձեռամբ Ական այժմ քաղաքապետի դե յուրե մանդատ է ստացել, տարիներ առաջ իրեն պատկանող «Հայական ժամանակ» օրաթերթում գրում էր. «Շարմազանովի սանիկը՝ Վանաձորում կիսաքրեական համբավի տեր Ական՝ Վանաձորի քաղաքապետի թեկնածու»: 2016-ի հունիսի 2-ին տպագրված այս հոդվածը վարչապետը, ըստ երեւույթին, կա՛մ մոռացել է, կա՛մ էլ փոխվել են նրա՝ «կիսագողական իշխանիկների» մասին պատկերացումները: Արկադի Փելեշյանի անունը մի քանի անգամ հայտնվել է քրեական քրոնիկոնում: Նա 2008-ին մեղադրվել է խուլիգանության համար, ընդունել մեղքը ու տուգանք վճարելով՝ ազատ արձակվել: 2016-ին՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ըստ տարբեր հրապարակումների՝ ծեծի է ենթարկել ավետարանչական եկեղեցու հոգեւոր առաջնորդներից մեկին, սակայն հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ տուժող ճանաչված հոգեւորականը ներել էր Փելեշյանին:

Այսպիսով, Փաշինյանի՝ ժողովրդին տված խոստումը, թե «Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը եւ հերոսացումը պետք է արմատախիլ արվի, որովհետեւ դա կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն է», եղել է նրա հերթական սուտը: Նա խաբել է ՀՀ քաղաքացիներին:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում