Որևէ մեկը կասկածի տակ չի դնում ՀՀ ինքնիշխանությունը. Օվերչուկ

Որևէ մեկը կասկածի տակ չի դնում ՀՀ ինքնիշխանությունը. Օվերչուկ

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տեքստը պատրաստվածության բարձր աստիճանի վրա է, սակայն կա երկու-երեք անհամապատասխանություն, որոնք դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունեն։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովի եռակողմ հանդիպման արդյունքները։

Նրա խոսքով` Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ բանակցությունները տևել են 9 ժամ։

«Սկզբունքորեն տեքստը պատրաստվածության բարձր աստիճանի վրա է, կա երկու-երեք անհամապատասխանություն, որոնք դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունեն։ Սկզբունքային պահն այն է, թե աշխարհագրորեն որ մասով է անցնելու երկաթգիծը։ Մենք դա հնչեցրել ենք, պայմանավորվել ենք, թե ինչպես է իրականացվելու բեռների մաքսային հսկողությունը», - ասաց Օվերչուկը։

Ըստ ՌԴ փոխվարչապետի` դա լինելու է սովորական երկաթուղի, սովորական սահման՝ անձնագրային, սահմանային, մաքսային հսկողությամբ։ Նա ընդգծեց` ոչ ոք Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնում, բոլոր կողմերը տրամադրված են, որ հնարավորինս շուտ գործարկվեն աշխատանքները:

Ճշտող հարցին, թե արդյոք քննարկվել է ՌԴ ԱԴԾ աշխատակիցների հնարավոր մասնակցության հարցը` վերահսկողության, անվտանգության ապահովման առումով, Օվերչուկը պատասխանեց` դա կախված է Հայաստանի Հանրապետությունից: