Հավաքների «մասսովկա» ՔՊ-ականներն են ապահովում, Օխլոկրատիայի հետևանքը․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. Կիրակի օրը կրթարշավի շրջանակներում նորից Սյունիք՝ Տաթեւ մեկնած զույգը թեեւ ջանք չի խնայում ցույց տալու, որ վայելում է ժողովրդի սերն ու վստահությունը, ինչպես հին ու բարի ժամանակներում, եւ մոնտաժված տեսանյութեր են հրապարակում, թե ինչպես են մարդիկ համակ ուշադրությամբ իրենց դասախոսությունները լսում, ապա լուսանկարվում իրենց հետ, սակայն մեզ ասացին, որ Տաթեւում էլ են «մասսովկան» ապահովել հարակից համայնքների վարչական աշխատողների միջոցով։
Նախ, դահլիճն է փոքր եղել՝ մոտ 100 մարդ է ընդամենը «կրթվել»: Եկեղեցու բակում էլ լուսանկարվողները պատահական մարդիկ չեն եղել, մեծ մասը՝ ՔՊ-ականներ, նրանց թվում է եղել Սիսիանի կոմունալ բաժնի պետ, ՔՊ-ական Դավիթ Մարգարյանը՝ ընտանյոք հանդերձ, որոնք փորձել են տպավորություն ստեղծել, թե շարքային սյունեցիներ են եւ տեսնելով իշխանական զույգին, բուռն ցանկություն են հայտնել՝ լուսանկարվելու նրանց հետ։
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուրջ 3 տարի կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանատարին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահին դռնփակ նիստով շարունակվում է վկաների հարցաքննությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ 3 տարվա դատաքննության ընթացքում 20 վկա է հարցաքննվել։
Հակակոռուպցիոն կոմիտեն նախապես հաստատած վկաներից միայն չի հարցաքննի Արայիկ Հարությունյանին, քանի որ նա հակառակորդի կողմից գերեվարված է, Բաքվի բանտում է:
Նշենք, որ Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնել էր, որ Արցախի պատշպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել է դատարան: Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։
Ըստ ՔԿ-ի՝ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Օգոստոսի 31-ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել էր, նա ազատ էր արձակվել, սակայն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, եւ սեպտեմբերի 1-ին Արզումանյանը կալանավորվել է:
Նշենք, որ Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին փոխարինելով Ջալալ Հարությունյանին. նա պաշտոնից ազատվեց 2021թ. սեպտեմբերին»։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այն, որ քպական իշխանությունները հիստերիայի մեջ են, կարծես որևէ մեկի համար ո՛չ գաղտնիք է, ո՛չ նորություն: Դա ուղղակի անհնար է չտեսնել: Այդ ամենը բոլորի աչքի առջև է, ամենօրյա ռեժիմով՝ տարբեր դրսևորումներով:
Արդեն առիթ ունեցել ենք հպանցիկ արձանագրելու ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանի «դրսևորումներն» Ազգային ժողովում: Տեսեք, վարչապետի պաշտոնն զբաղեցնող, գործնականում՝ պետության ղեկավարի դիրքում գտնվող անձնավորությունը Ազգային ժողովում իրեն պահում է փողոցային «ռազբորկայի» մասնակցի նման, գործածում է վիրավորական բառեր՝ ընդդիմադիրների հասցեին: Այսինքն, նա այդ աստիճան չի պատկերացնում իր քաղաքական կարգավիճակը, իր զբաղեցրած պաշտոնի նշանակությունն ու իր անձնական և քաղաքական պատասխանատվությունը՝ այդ ամենի համար: Աննորմալ երևույթ է, երբ պետության ղեկավարի դիրքն զբաղեցնողը ընդդիմադիր կամ, ընդհանրապես, երկրի որևէ քաղաքացու հասցեին «վիզ կտրելու» ոչ երկիմաստ ժեստ է անում, երբ սպառնում է հաշվեհարդար իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ («գցել պադվալները»), «համբալ» է ասում ու նման բաներ:
Ի՞նչ է հուշում այս ամենը, ինչի՞ արտահայտություն են նման անընդունելի դրսևորումները: Ամենից առաջ այդօրինակ դրսևորումները վկայում են, որ Փաշինյանի ու նրա «թիմի» ջղաձգությունը հասել է գագաթնակետին: Իրենք հասկանում են, որ մոտեցել են եզրակետին: Իրենք հասկանում են, որ կորցրել են ու շարունակում են կորցնել իրենց արտաքին աջակիցներին և արտաքին աջակցության հնարավորությունները: Բայց, որ ամենից շատ է նպաստում փաշինյանական իշխանության նմանօրինակ ջղաձգումներին, իրենք հասկանում են, որ ոչ միայն կորցրել են ներքին վստահության պաշարը, այլև պարզապես դարձել են տոտալ մերժված: Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի վստահության վարկանիշը հասել է հազիվ 10-11 տոկոսի: Ավելին, այլևս «չեն աշխատում» էժանագին քարոզչական հնարքները, կամ, ավելի ճիշտ, չեն աշխատում դրանք 2018-ի կամ նույնիսկ 2021-ի տարբերակով:
Դրա ամենից ցցուն օրինակներից մեկը արձանագրվեց Գյումրիում: Այնտեղ էլ Փաշինյանը իրեն բնորոշ «ելույթ» ունեցավ, կհիշեք՝ վիրավորական բառերով, «նախկինների» թեմայով սարսափազդու ձևակերպումներով: Բայց այդ ամենը առավել քան չաշխատեց: Նույնիսկ վարչական ռեսուրսի չարաշահումը չօգնեց: Ու ակնհայտ է, որ հաջորդ ընտրություններին ՔՊ-ին ոչինչ չի օգնելու, բացի տոտալ ընտրակեղծիքներից:
Արդյունքում հիմա ջղաձգության դրսևորումների այդ յուրօրինակ «ալիքը» քպական բոլոր «կարկառուններին» է վարակել, ավելին՝ նույնիսկ վարչապետի տիկնոջը: Նա վերջին օրերին ամեն մի իրենց արված անդրադարձին արձագանքում է, որակումներ է տալիս, պիտակումներ, անում է արտահայտություններ, որոնք ուղիղ անձնական վիրավորանք են: Տեսեք՝ Աննա Հակոբյանը տարբեր առիթներով նման որակումներ է տալիս՝ տխմար, տգետ, անբարոյական, ոջիլ, անգրագետ, անդաստիարակ, ղզիկ, էշ...
Եվ էլի՝ հասկանալու համար, թե ինչի հետ գործ ունենք, զուտ մտովի ոչ թե համեմատեք, այլ փորձեք պատկերացնել, որ հրապարակավ, հանրային հարթակներում նման բառապաշարով արտահայտվեր մեր երկրի նախկին ղեկավարներից կամ, ընդհանրապես, աշխարհի որևէ քաղաքակիրթ երկրի ղեկավարներից որևէ մեկի տիկինը:
Դե, մենք այս դեպքում էլ ենք «ուրիշ»: Ընդհանուր առմամբ, դա տխրեցնող է, քանի որ նման դրսևորումները անհետևանք չեն մնում նաև հանրային ընկալման տիրույթում: Բայց, ըստ էության, ստացվում է, որ դա է մակարդակը: Իսկ դա ամենևին էլ լավ կամ ընդունելի մակարդակ չէ: Ամենևին:
Ու բավականին զավեշտական պատկեր է ստացվում: Բոլոր նախկին իշխանությունների կազմում եղել են, կային մի քանի «օդիոզ դեմքեր», որոնցից սպասելի էին զանազան, այսպես ասենք, անախորժություններ ու սկանդալներ: Նաև որոշակի «առանձնահատկություններով» բառամթերք:
Բայց եթե նախկինում ընդամենը մի քանի հոգի էին այդպիսին, որոնց հատիկ-հատիկ ճանաչում էինք, ապա հիմա գործ ունենք մի իշխանության հետ, որը վերից վար, փաստորեն, օդիոզ է: Փաշինյանը գլխավորում է մի իշխանություն, որն ինքն իրեն մականունավորի տեղ է դրել՝ թե՛ ընդհանուր առմամբ, թե՛ առանձին ներկայացուցիչներով: Իրենց թվում է, թե կարող են ԱԺ ամբիոնից «քֆուր ֆռցնել», 7-8-10-20 հոգով հարձակվել քաղաքացու վրա, հոխորտալ, սպառնալ, փողոցային պահվածք դրսևորել... Ընդ որում, նրանց գերակշիռ մասը այս ամենը չէր կարող ու չի կարող իրեն թույլ տալ «իշխանությունից դուրս», որովհետև նրանց «դուխովության» ակունքը միայն ու բացառապես իշխանությունն է, ի մասնավորի՝ իրավապահ համակարգը, որը նրանց թիկունքին է:
Այստեղ, սակայն, մեկ այլ հանգամանք ու հարց էլ կա: Մի՞թե իրենք չգիտեն, թե ինչ է մտածում ժողովուրդն իրենց մասին: Իրենք չգիտե՞ն, թե ինչեր են իրենց մասին ասում, որ հրապարակային միգուցե չեն գրում: Իհարկե, գիտեն: Ինչպե՞ս կարող են չիմանալ: Եվ, գիտեք, շատ հնարավոր է, որ հենց այդ իմանալը, հենց այդ մերժվածության զգացումն է բերում նման ջղաձգությունների: Այսինքն, պատճառները հենց այն են, ինչի մասին խոսեցինք վերևում: Իսկ առաջիկայում այդ ամենի առիթներ դեռ շատ են լինելու: Ու ջղաձգումային «դրսևորումների» պակաս էլ, ըստ այդմ, չի լինելու: