Փաշինյանն ընդդեմ Փաշինյանի

Փաշինյանն ընդդեմ Փաշինյանի

Ալիևը հինգերորդ անգամ ստանձնում նախագահի պաշտոնը և սպառնում է՝ Հայաստանի հետ պայմանագիր չի ստորագրվի, եթե մեր երկիրը իր օրենսդրությունը չփոխի:

Այսօր կառավարության նիստի մեկնարկին Փաշինյանը նրան հակազդում է՝ Հայաստանի օրենսդրությունը մեր ներքին հարցն է. 

«Փորձերը մեկնաբանելու, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարող որևէ դրույթ կա, իրականության հետ որևէ կապ չունեն։ Ինչպես ասել եմ՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մի շարք հոդվածների շուրջ համաձայնության գալ և դրանցից մեկն այն մասին է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որևէ դրույթի կատարումից հրաժարվելու համար։ Հետևաբար ՀՀ-ի օրենսդրության մեջ խաղաղության պայմանագրի իրագործմանը խոչընդոտող որևէ դրույթ չկա, և սա ոչ միայն քաղաքական այլև փորձագիտական գնահատական է»:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե խիստ սկզբունքային վարչապետ ունենք:

Բայց հիշենք, որ մի քանի շաբաթ առաջ հենց Փաշինյանը քաղաքական դիսկուրս բերեց նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, խոսեց «կարմիր շորերի» ու «ցլերի», «կոնֆլիկտագեն» Անկախության հռչակագրի մասին, Հայաստանն էլ հռչակեց «լեգիտիմ թիրախ»:

Այս ամենը Ադրբեջանում անմիջապես «որսացին», Հայաստանի օրենսդրության փոփոխությունը ձևակերպեցին որպես պահանջ, դա լեգիտիմացրեցին արևմտյան հարթակներում, իսկ հիմա Փաշինյանը հակառակ կարծիքն է ասում:

Հայաստանին պատուհասած աղետների պատճառը հենց այն է, որ Փաշինյանը հետևողական է անհետևողականության մեջ և «ջանասիրաբար» հետ է կանգնում իր պարտավորություններից, ինչի հետևանքով միջազգային գործընկերների մոտ ստեղծում է ոչ վստահելի գործընկերոջ համբավ՝ Բաքվի ագրեսիվ օրակարգի շուրջ ձևավորելով միջազգային կոնսենսուս:

Վահրամ Բագրատյան