Հարկային արտոնությունների համակարգը կերկարաձգվի ևս մեկ տարով
Նախագծով մենք ևս մեկ տարով երկարացնում ենք հարկային արտոնությունների այն համակարգը, որն այսօր գործում է։ Այսօր այս մասին ԱԺ-ի արտահերթ նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Գործող օրենքով մինչև 30 աշխատող ունեցող ընկերությունները եկամտահարկը վճարում են ավելի ցածր դրույքաչափով և շահութահարկի գծով ունեն որոշակի արտոնություններ, բնականաբար, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շահգրգռված է, որ այս արտոնությունները շարունակվեն և ընդլայնվեն»,- ասաց Թունյանը։
Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի հետ, որ հաջորդ տարի՝ մինչև հերթական անգամ նախագիծը ներկայացնելը, մանրամասն քննարկում լինի։
«Պետք է հասկանանք այս արտոնությունները իրականում ինչ դեր ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցում, հարկային ծախսը, որը կատարվում է, որքանով է արդարացված և, ընդհանրապես, պետք է փորձենք բալանսը գտնել, որովհետև որևէ ոլորտի մշտական արտոնություն տալը բնական արդարացի դժգոհություն է առաջացնում մյուս ոլորտների մոտ, որոնք փոխարժեքի ու այլ պատճառներով կարող են խնդիրներ ունենալ»,- ընդգծեց պատգամավորը։
Այնուհետև Թունյանը շարունակեց, որ արտոնությունը, որը տրվում ՏՏ ոլորտին, ծախս է, որը մնում է մյուս հարկատուների ուսերին։
Նշենք, որ փոփոխություններ և լրացումներ են կատարվում Կառավարության կողմից ներկայացված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում և ՀՀ հարկային օրենսգրքում։
Մանրամսները՝ տեսանյութում։