Հերթական պաշտոնյան է կալանավորվել Կենտրոնի թաղապետարանից

Նոյեմբերի 22-ին հերթական ձերբակալությունն է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում։ Ձերբակալված աշխատակիցը կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնից է։
Հակակոռուպցիոն կոմիտեից MediaHub-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ իրենց մոտ քննվող վարույթի շրջանակում կա կալանավորված անձ, վարույթը վերաբերում է կաշառք տալ-ստանալուն։
«Վարույթի շրջանակում կան մեղադրյալներ, որոնցից մի քանիսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը»,- ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ Հակոկոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ էր իրականացրել, որի շրջանակներում ձերբակալվել էին աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի մի շարք պաշտոնյաներ։
Վահե Մակարյան