Հետքա՞յլ, թե՞ քայլ առաջ․ ինչ արեց երեկ ընդդիմությունը 

Հետքա՞յլ, թե՞ քայլ առաջ․ ինչ արեց երեկ ընդդիմությունը 

Քաղաքացիներին մեղադրել, որ իրենք երեկ տուն գնացին և չմնացին փողոցում, ճիշտ չէ։ Այդ մասին  MediaHub.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ շենքի մոտ ծավալված ինքնաբուխ ակցիային և դրանից հետո քաղաքացիների՝ տուն գնալուն։ 

Նրա խոսքով՝ քաղաքացիներին լիդերները տուն ուղարկեցին։
«Ակցիան ինքնաբուխ էր, և, բնական է, որ այն նախապես լիդեր չուներ, բայց որևէ գործընթաց երկար ժամանակ չի կարող առանց լիդերի մնալ։ Այսինքն՝ պրոցեսի դինամիկայի տեսակետից ինքնաբուխ սկսվեց ակցիան, նախ, Երևանում, ապա Ստեփանակերտում, բայց ինչ-որ ժամանակից սկսած արդեն լիդեր հայտնվեց, քանի որ այլ կերպ լինել չէր կարող։ Զանգվածն էլ է պահանջում, որ ինչ-որ մեկն իրեն առաջնորդի։ Ըստ էության, իրենք ասում են՝ մենք եկել ենք, և հիմա պետք է մեկը, որ մեզ կգլխավորի»,- նշեց Հակոբյանը։

Ըստ նրա՝ ինչ-որ փուլից սկսած ընդդիմադիր լիդերները, որոնք եկել էին առաջնորդելու ակցիան, հասկացան՝ ՔՊ-ական տասնութ պատգամավորները չեն գալու, և ներազդելու այլ մեխանիզմներ են պետք, ուստի մարդկանց կոչ արեցին տուն գնալ, ապա առավոտյան վերադառնալ ԱԺ շենքի մոտ։ 
«Դրա համար զանգվածին մեղադրել, թե գնաց տուն, չնայած չէր ուզում, սխալ կլինի»,- նկատեց նա։ 

Հարցին, թե արդյո՞ք այս դեպքում ընդդիմությունը, որ եկել էր ակցիան առաջնորդելու, թերացավ, Վիգեն Հակոբյանը պատասխանեց՝  ընդդիմությունը գուցե «Պլան Բ» չի ունեցել։ 
«Գուցե պատճառն այն է, որ ամեն ինչ ինքնաբուխ է սկսվել, և իրենք ավելի շատ ադապտացվում էին այդ հոսանքին»,- նշեց նա։ 

Ճշտող հարցին, թե սա, ի վերջո, հետքա՞յլ էր, թե՞՝ քայլ առաջ, Վիգեն Հակոբյանը պատասխանեց՝ ընդհանուր առմամբ, պարզ է, որ կա զանգված, որը զգայուն է Արցախի, Հայաստանի և անվտանգային խնդիրների նկատմամբ։ 
«Կա զանգված, և այն, կոնկրետ երեկվա պայմանների համար, կրիտիկական էր։ Ընդհանրապես, տարբեր գործընթացների ժամանակ կրիտիկական զանգվածի թիվը տարբեր է, կոնկրետ երեկ, կարծում եմ, տվյալ պահի համար, մենք ունեինք կրիտիկական զանգված»,- շեշտեց Հակոբյանը։ 

Միևնույն ժամանակ նա հավելեց, որ ի տարբերություն ընդդիմության, իշխանությունն այս պահին հենարան չունի, միայն ուժայիններն են, որ ենթարկվում են գործող իշխանությանը։ 
«Իսկ երեկ ինչ տեղի ունեցավ․ պարզ դարձավ, որ հավաքված մարդիկ տասնյակ անգամով ավելի էին ուժայիններից, և այդ դեպքում, եթե անգամ բախում լիներ, ուժայինները կարող է և անցնեին ընդդիմության կողմը»,- ներկայացրեց Հակոբյանը։ 

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ երեկվա ակցիան եթե առաջիկա ժամերին չշարունակվեց, ապա կարելի է ենթադրել, որ ընդդիմությունը կրկին նույն զրոյական կետից է սկսելու։ Իսկ երեկ, նրա խոսքով, ընդդիմությունը, ըստ էության, չհասավ իր նպատակին, քանի որ ՔՊ-ական 18 պատգամավորների ստորագրությունները չստացվեցին։


 Նարե Գնունի