ՀՀ–ն միանում է Իրանի, Օմանի, Կատարի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի միջև միջանցքին

ՀՀ–ն միանում է Իրանի, Օմանի, Կատարի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի միջև միջանցքին

«Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին որոշումն այսօր հավանության է արժանացել կառավարության նիստի ժամանակ։

Ըստ հիմնավորման՝ այսպիսով կստեղծվեն նոր հնարավորություններ Կենտրոնական Ասիայի երկրների և Պարսից ծոցի ու Օման ծովի նավահանգիստների միջև տրանսպորտային միջանցքում իտեգրման և անդամ պետությունների տրանսպորտային և տարանցիկ պոտենցիալից օգտվելու համար։

«Համաձայնագրին միանալը կնպաստի անդամ պետությունների տարածքով բեռների և ուղևորների փոխադրման ու տարանցման հուսալի պայմանների ստեղծմանը, մուլտիմոդալ փոխադրումների դյուրացմանը, տրանսպորտային ծախսերի օպտիմալացմանը, հանրապետության տարանցիկ դերի բարձրացմանը, տրանսպորտային փոխադրումների անվտանգության բարձրացմանը, անդամ պետությունների փոխադրող կազմակերպությունների համար հավասար պայմանների ստեղծմանը»։

Համաձայնագրին միանալը «կապահովի տրանսպորտային միջանցքի միջոցով մուտքը միջազգային շուկաներ, միջազգային փոխադրումների համար անհրաժեշտ տարանցման փաստաթղթերի ներդաշնակեցմանը, մաքսային ընթացակարգերի դյուրացմանը, անդամ պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքներից ոչ խտրական սկզբունքով օգտվելուն»։

Այս համաձայնագիրը «համահունչ է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներին և կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային կապերի և տնտեսական համագործակցության խորացմանը»։

Որոշման այս նախագծի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով կներկայացվի ՀՀ սահմանադրական դատարան: Դրական որոշման դեպքում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։