Փաշինյանը գնում է Ոսկեպար. Տավուշում նրան «սյունյաց ողջույններով» են դիմավորելու

Փաշինյանը գնում է Ոսկեպար. Տավուշում նրան «սյունյաց ողջույններով» են դիմավորելու

Քիչ առաջ տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Տավուշ՝ հանդիպելու ոսկեպարցիներին։ Իր՝ տասը օրից վերադառնալու խոստումից մոտ մեկ ամիս անց նա որոշել է հանդիպել գյուղացիներին։

Իսկ ինչպե՞ս են ոսկեպարցիները դիմավորելու նրան․ մեր այս հարցին կարճ են պատասխանում՝ «սյունյաց ողջույններով»։

Գյուղացիները երկար չեն զրուցում, ասում են՝ այս պահին քննարկում են, թե ինչ են խոսելու Փաշինյանի հետ, ինչպես են հանդիպումն անցկացնելու, արդյո՞ք ընդհանրապես նրան լսելու են։

Մինչ գյուղի բնակիչներն իրենց քննարկումն են անում, MediaHub-ը փորձեց համայնքի ղեկավար Իշխան Աղբալյանից տեղեկանալ, թե ինչ է արվելու։

«Ես էլ Ձեր հետ նոր եմ իմացել, որ գալիս է, ինձ նախապես տեղյակ չեն պահել, որ նման այց է լինելու»,- ասաց համայնքի ղեկավարը։

Նա այլ հարցերի չպատասխանեց՝ ասելով, որ այս պահին գնում է համայնքի բնակիչների հետ հանդիպման։

Նարե Գնունի