Ինչպե՞ս կարող է հարյուր տարվա պատմություն ունեցող Կոնսերվատորիան վերածվել ֆակուլտետի․ ռեկտոր

Ինչպե՞ս կարող է հարյուր տարվա պատմություն ունեցող Կոնսերվատորիան վերածվել ֆակուլտետի․ ռեկտոր

Վերջին օրերին խիստ ակտիվ ձևով քննարկվում են լուրերը, թե շուտով փակվելու է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Այն միանալու է մյուս բուհերին և որպես ֆակուլտետ ներկայացված է լինելու «ակադեմիական քաղաքում»։ 

Նշենք, որ այս լուրը բացառապես բացասական արձագանք է ստացել, քանի որ հանրությունը վստահ է՝ սա մեծ հարված է հայոց մշակույթին․ հարյուր տարվա պատմություն ունեցող բուհը հենց այնպես չի կարող փակվել կամ վերածվել ֆակուլտետի։

Նշենք, որ փակման մասին որևէ ծանուցում Կոնսերվատորիայի ղեկավարությունը դեռևս չի ստացել։ «Ո՛չ, մենք ոչ մի ծանուցում չենք ստացել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ բոլոր բուհերի միավորման ու ակադեմիական քաղաք տեղափոխվելու մասին քննարկումներ եղել են։

«Ոչ միայն Կոնսերվատորիայի, այլ բոլոր բուհերի միավորման մասին երկու քննարկում եղել է։ Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք ԿԳՄՍ նախարարին։ Մենք շուտով նաև պաշտոնական հաղորդագրություն կտարածենք»,- նշեց ռեկտորը։

Նա տեղեկացրեց, որ բնականաբար դեմ են այս նախագծին, և դա անձամբ հայտնել է նախարարի հետ հանդիպմանը, երբ նա հայտնել է, որ նման հարց է քննարկվում։

«Իսկ քննարկմանը ներկա են եղել մեր երկու պրոռեկտորները՝ գիտական և ուսումնական մասով։ Այնտեղ գերմանացի ճարտարապետի հետ հանդիպում է եղել, որը այդ ակադեմիական քաղաքի նախագծողն է։ Այդ հանդիպման ժամանակ էլ մեր պրոռեկտորները հայտնել են իրենց բացասական կարծիքը։ Նրանք ասել են, որ կարող են մի ֆակուլտետ տեղափոխել ակադեմիական քաղաք, բայց ամբողջ բուհը վերածել ֆակուլտետի, չի կարելի»,- նկատեց նա։

Նոնա Հովհաննիսյանը նշեց նաև, որ դեռ նախորդ տարի է ինքն իր դիրքորոշումը ներկայացրել նախարարին։

Նարե Գնունի