Գագիկ Ջհանգիրյանը կհրավիրվի ԱԱԾ՝ հարցաքննության

Գագիկ Ջհանգիրյանը կհրավիրվի ԱԱԾ՝ հարցաքննության

ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը կհարցաքննվի ԱԱԾ-ում՝ շուրջ 22 տարի առաջ սպանված զինծառայողի գործով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է զինծառայող Արման Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանից։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սպանված զինծառայող Արման Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ՝ պահանջելով հարցաքննել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, ում պահանջով զինվորական դատախազություն է ուղարկվել սպանված զինծառայողի վերաբերյալ քրեական գործը, այնուհետև ապօրինաբար կասեցվել։

Հայարփի Սարգսյանի փոխանցմամբ՝ միջնորդությունը քննիչը մերժել էր, թեև նախաքննությունը երկարացնելու միջնորդությամբ հենց քննիչն էր նշել նրանց հարցաքննելու անհրաժեշտությունը, սակայն անհայտ պատճառով նրանց չէր հարցաքննել, գործը այդպես էլ ցանկանում էր կարճել։
«Դատախազը քննիչին ուղղված գրությամբ հայտնել էր, որ իրավասու չէ նրանց արարքներին իրավական գնահատական տալ առանց վերջիններիս՝ վաղեմության ժամկետի հետ կապված դիրքորոշման, մինչդեռ քննիչը դա ևս անտեսել էր»,- նշեց Սարգսյանը։

Քննիչի կողմից միջնորդությունը մերժելու որոշման դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատախազին, ինչը բավարարվել է։ Բողոքը բավարարելու մասին որոշմամբ նշվել է, որ քրեական գործի լուծման տեսանկյունից կարևորություն ունի պարզելու 25.09.2001թ. կայացված վարույթը կասեցնելու որոշման օրինականությունը ստուգած դատախազի կողմից դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկված չլինելու պատճառը, որպեսզի համածառայակիցների կողմից Արման Հակոբյանին բռնության ենթարկելու վերաբերյալ քննությամբ ստացված փաստական տվյալներին իրավական գնահատական տրվեին, ինչպես նաև կատարվեին անհրաժեշտ և հնարավոր բոլոր քննչական գործողությունները։

Բացի այդ՝ քրեական գործով մինչ 11.11.2008թ.՝ քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման վերացումը, դատավարական ղեկավարում իրականացրած դատախազներին պետք է հարցաքննել քրեական գործում արտացոլված հանցավոր արարքները որևէ քրեաիրավական գնահատականի արժանացած չլինելու և անհրաժեշտ ու հնարավոր քննչական գործողությունները, որոնց անդրադարձել է նաև դատախազը 11.11.2008թ. որոշմամբ, կատարված չլինելու պայմաններում, քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը չվերացնելու վարույթը չվերսկսելու պատճառների շուրջ։

«Ստացվում է, որ գլխավոր դատախազության դատախազը ևս գտնում է, որ մինչև 2008թ. գործը վերահսկող բոլոր դատախազները, ինչպես նաև 2001թ. գործը կասեցնելու ապօրինի որոշման օրինականությունը ստուգած զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը պիտի հարցաքննվեն, որպեսզի պարզվի ապօրինի կարգով գործը կասեցնելու պատճառը»,- ընդգծեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ զինծառայող Արման Հակոբյանի սպանությունը տեղի է ունեցել 2000թ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, ժամը 03.45-ի սահմաններում. ՀՀ ՊՆ N զորամասի 5-րդ գումարտակի հսկիչ-անցագրային կետում ժամապահ Արման Վարդանի Հակոբյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ նախկինում գործող քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով՝ սպանության հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում հանցանք կատարած անձանց չհայտնաբերելու պատճառաբանությամբ 2001թ քննիչի կողմից որոշում է կայացվել՝ գործի վարույթը կասեցնելու մասին, իսկ 2008թ նոյեմբերի 11-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է և արդեն այդ վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հակոբյանի համածառայակցին, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ։ Տուժողի իրավահաջորդը դեռևս տարիներ առաջ ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրեասյանին հասցեագրված դիմումով բարձրաձայնել է իր վարկածը, համաձայն որի՝ որդու սպանությունը կատարվել է զորամասում կորած զենքի վերաբերյալ Ա. Հակոբյանի կողմից սպաներին տեղյակ պահելու պատճառով։ Մասնավորապես, ըստ զինվորի հոր, զորամասի մի շարք զինծառայողներ, մասնավորապես, սպա Սամվել Սարիբեկյանը գիտությամբ, համածառայակիցներ Գարիկ Հովհաննիսյանը, Արշակ Շահբազյանը, Սիմոն Մուրադյանը Ա. Հակոբյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու, նրան ստորացնելու նպատակով տարել են զորամասում հեղինակություն վայելող այլ զինծառայողների մոտ, որտեղ դաժանաբար ծեծի են ենթարկել, իսկ մի քանի ժամ անց սպանել նրան։ Ավելին՝ զինծառայողի հայրը գտնում էր, որ դեպքի մանրամասներն ու դրանք կատարողները հայտնի են, սակայն նախաքննական մարմինը կոծկում է։ Գործի վարույթը հետագայում կրկին կասեցվել է, իսկ տարիներ անց՝ 2021թ մայիսին սպանված զինծառայողի իրավահաջորդի ներկայացուցիչը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով 2000 թվականին սպանված զինծառայող Արման Հակոբյանի գործով քննություն իրականացրած պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալ։ ՀՔԾ-ն ներկայացված հաղորդումը նախ ուղարկել էր ՔԿ ներքին անվտանգության վարչություն՝ քննարկման, մինչդեռ փաստաբանի գնահատմամբ՝ նշված կառույցն իրավասու չէ քննել հանցագործության մասին հաղորդումներ, իրականացնել քննչական գործողություններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180֊181֊րդ հոդվածներով սահմանված կարգով։ Արդյունքում՝ փաստաբանը բողոք է ներկայացրել ՀՔԾ՝ անգործության դեմ, ինչը բավարարվել է և հաղորդումը քննության առարկա է դարձվել ՀՔԾ-ում։ Նախապատրաստված նյութերի հիման վրա 2021թ հունիսին ՀՔԾ-ում քրեական գործի հարուցումը մերժվել էր, ինչի դեմ փաստաբանը ևս բողոք է ներկայացրել։ ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարել է փաստաբանի բողոքը՝ վերացնելով հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով։ ՀՔԾ-ի լուծարումից հետո գործը քննվել է ԱԱԾ-ում։