Դատախազությունը դատական կարգով պահանջում է վերադարձնել դպրոցի հողատարածքը

Դատախազությունը դատական կարգով պահանջում է վերադարձնել դպրոցի հողատարածքը

Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Կառավարության դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի 2007թ․ որոշման այն կետը, որով «Հր. Ներսիսյան փողոցի Հ.3 հասցեում գտնվող Երևանի թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի զբաղեցրած 6577քմ մակերեսով հողամասը բաժանվել է երկու առանձին գույքային միավորների և օտարվել։

Հայցադիմումը ներկայացվել է օրեր առաջ՝ 2025թ․ ապրիլի 4-ին, և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Լուսինե Բոյաջյանին։

«Հետքը» դեռ 2024թ․ հունվարին գրել էր, որ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ արդեն նախկին թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցին հատկացված մոտ 0,65 հա հողամասը բաժանվել է երկու առանձին գույքային միավորների: 617 քմ հողամասի նկատմամբ դադարեցվել է դպրոցի անհատույց (մշտական) օգտագործման իրավունքը և 555 քմ տարածքն աճուրդով օտարվել է: Աճուրդում հաղթող է ճանաչվել Խաչիկ Ավդալյանը: Նրա հետ 2007թ. կնքվել է առուվաճառքի պայմանագիր՝ հողի համար վճարելով 12 մլն 820 հազ. 500 դրամ: Բաժանված հողատարածքներից 5960քմ-ն մնացել է դպրոցին:

Գիշերօթիկ դպրոցը հետո դարձել է թիվ 30 ավագ դպրոց, իսկ Կառավարության 2012թ․ որոշմամբ վերակազմակերպվել է որպես Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) «Հերացի» ավագ դպրոց: Համալսարանը դարձել է թիվ 30 դպրոցի իրավահաջորդը: Այստեղ այժմ սովորում է 500-ից ավել աշակերտ, որոնք դպրոցի տարածքում նույնիսկ զբոսնելու համար բավարար ազատ տարածք չունեն:

Խաչիկ Ավդալյանն այդ ժամանակ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ պատրաստ է հողատարածքը փոխանակել համարժեք հողատարածքի հետ, թեև այդ հողատարածքում շինություն կառուցելու և գործունեություն ծավալելու ծրագրեր ունի: Հարցին, թե ինչու է հենց դպրոցի ընդհանուր տարածքում գտնվող հողատարածքը գնել. Խաչիկ Ավդալյանը պատասխանել էր, թե գնելու ժամանակ չի իմացել, որ հողատարածքը դպրոցն է օգտագործել: