14-ամյա աղջկան, արդեն 9-րդ օրն է, չեն կարողանում գտնել․ ի՞նչ է հայտնի

Մանկական երկաթուղու տարածքում շուրջ տաս օր առաջ կորած 14-ամյա ուկրաինացի Մայա Բորյատինսկայային դեռ փնտրում են։
Ապրիլի 27-ին, ժամը 17։30-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկն ընկել է Հրազդան գետը։
Երեխան Ուկրաինայի քաղաքացի է, նրա հայրը նույնպես տեղում մասնակցել է որոնողական աշխատանքներին։
Այսօր 9-րդ օրն է, ինչ աղջկա փնտրտուքները շարունակվում են․ MediaHub-ին ՆԳՆ–ից հայտնեցին, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, իսկ աղջկան դեռ չեն գտել։
«Մեծաքանակ ուժեր են ներգրավված, գետի ամբողջ երկայնքով մինչև Երևանյան լիճ որոնողական աշխատանքները շարունակվում են»,- նշեցին ՆԳՆ-ից։
MediaHub-ի տեղեկություններով, որոնողական աշխատանքները հենց այս հատվածում մեկնարկել են այն բանից հետո, երբ ահազանգ է ստացվել, թե մի երեխա է սայթաքել և ընկել գետը, և դա է պատճառը, որ մտածում են՝ ընկնողն ուկրաինացի աղջիկն է:
Սոցցանցերում ակտիվ տարածում են աղջկա լուսանկարը, Երևանի շենքերի վրա ևս փակցված է լուսանկարը՝ նման ճանապարհով նրան գտնելու ակնկալիքով:
Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մարիաննա Արամյան