Փաշինյանը որոշել է չեղարկել Անկախության հռչակագիրը, Ավինյանի պատասխանները բավարարել են․ Մամուլը՝ սուրճով

Փաշինյանը որոշել է չեղարկել Անկախության հռչակագիրը, Ավինյանի պատասխանները բավարարել են․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրերս Սաշա Կատվալյանը նշանակվեց «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն՝ փոխարինելով Բագրատ Աղաջանյանին, ով հունվարի 26-ին  ազատվել է «ձնամաքրման աշխատանքները պատշաճ չկատարելու» պատճառով։ Այս նշանակումն իշխանական շրջանակներում տարաբնույթ խոսակցությունների թեմա է դարձել։

Նա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի համակուրսեցին է, նաեւ մտերիմ է Ավինյանի հետ: Նրան Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարի պաշտոնից ազատեցին 2022-ի հոկտեմբերին` զոհվածների ծնողներին քարշ տալով Եռաբլուրից հեռացրած ոստիկաններին քննադատելու համար: Հետո Կատվալյանն Ավինյանի խորհրդական նշանակվեց եւ ազատվեց անցած տարեվերջին, երբ նրա անունը կրկին հայտնվեց մամուլի տեսադաշտում։

Իրավապահները բերման էին ենթարկել Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին եւ թաղապետարանի այլ պաշտոնյաների՝ գնումների գործընթացը ոչ պատշաճ կատարելու կասկածով: Տեղեկություններ կային, որ կասկածյալների ցանկում է նաեւ Սաշա Կատվալյանը: Դրանից օրեր անց նա ազատվեց խորհրդականի պաշտոնից, իսկ օրերս նշանակվեց քաղաքի աղբահանության տնօրենի պաշտոնին:

Ըստ որոշ լուրերի, այս նշանակումը վատ է ընդունվել մի շարք ՔՊ-ականների, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ոմանք կարծում են, որ Ավինյանը փորձում է թիմակիցների հետ լավացնել հարաբերությունները եւ չի մերժել Սուրեն Պապիկյանի խնդրանքը: Իսկ Պապիկյանի հետ անջրպետ էր առաջացել ՔՊ վարչության հայտնի ընտրություններից հետո»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ԱԺ-ում փակ հանդիպում են ունեցել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Հանդիպումը իշխանական պատգամավորների նախաձեռնությամբ է տեղի ունեցել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների եւ Ավինյանի հանդիպումը մոտ 3 ժամ է տեւել ու բավականին հագիստ, ջերմ մթնոլորտում է անցել:

Պատգամավորները քաղաքապետից մասնավորապես հետաքրքրվել են ձնամաքրման աշխատանքներից, տրանսպորտի ու աղբի խնդիրներից, ինչպես նաեւ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած թեմաներից՝ կարմիր գծերով ավտոկայանատեղիների համար նախատեսված տուգանքի եւ Օղակաձեւ այգու քանդման գործընթացի մասին:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, թեեւ քննարկման ժամանակ տարբեր կարծիքներ հնչել են, այդ թվում՝ բացասական, բայց Տիգրան Ավինյանի պարզաբանումները մեծ հաշվով բավարարել են ՔՊ-ականներին»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Սահմանադրությունը փոխելն ու նախաբանում Անկախության հռչակագրին հղում չտալը միակ բանը չէ, որ ծրագրում է Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ-ական մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը ոչ միայն որոշել է չեղարկել Անկախության հռչակագիրը, այլեւ իր պատկերացրած չորրորդ հանրապետության սահմանադրությունը գրել զրոյից։ Չնայած Փաշինյանը թիմում բաց խոսակցություն չի ունեցել այդ մասին, սակայն խմբակցության իր էմիսարների միջոցով դիվանագիտորեն դրա լոբբինգն են սկսել, ինչն անհանգստություն է առաջացրել այն ՔՊ-ականների շրջանում, որոնք իսպառ զրկված չեն հայրենիքի զգացողությունից։

Վերջին օրերին իշխանական պատգամավորներն ակտիվորեն հարցազրույցներ են տալիս եւ պնդում, որ Անկախության հռչակագիրն այնքան էլ Հայաստանի եւ հայաստանցու մասին չէ, եւ նպատակն էլ հայոց պետականության վերակառուցումն ու ամրապնդումը չէ: Բայց ՔՊ-ի ներսում կա մի խումբ, որը դեմ է այս հակահայկական ծրագրին եւ փորձելու է զգուշորեն պայքարել դա կանխելու համար։ Եթե հանրային ըմբոստություն լինի, այս խումբն ավելի բաց հանդես կգա:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստան բռնի տեղահանված արցախցիներին մինչ այս փոխանցվել է 170 մլրդ 890 մլն 900 հազար դրամ գումար։ Ցույց տանք՝ ինչպես։ ՀՀ կառավարությունը եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բռնի տեղահանված արցախցիների համար աջակցության ծրագրի շրջանակներում նրանց տրամադրեցին 100 հազար դրամ միանվագ եւ 40 000+10 000 դրամ։ Ծրագրի իրականացման ընթացքում խնդիրներից խուսափել չստացվեց։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մի քանի ընտանիքներ կան, որոնք չեն ստացել նշված հատկացումները դեռ հոկտեմբեր ամսից։ Հարց է առաջանում՝ արդյոք 11 մլրդ պարտք ունեցող պետությունը կկարողանա ինտենսիվորեն փոխհատուցել արցախցիներին այն դեպքում, երբ ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը, 2024 թվականի բյուջեի համաձայն, կկազմի 340 մլրդ դրամ։

ArmLur.am-ը Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից տեղեկացել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 24-ից ի վեր հաշվառվել են ավելի քան 115 հազար 500 անձ։ Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո 170 մլրդ 890 մլն 900 հազար դրամ է փոխանցվել արցախահայերին օգնելու համար գործընկեր երկրներից եւ միջազգային կազմակերպություններից։ Այսպես, Ճապոնիայի կողմից արցախահայերին տրամադրվել է 2 միլիոն դոլար, որը համարժեք է 820 մլն դրամի, ԱՄՆ-ի կողմից տրամադրվել է 11 մլն դոլար, որը համարժեք է 4 մլդ 716 մլն դրամի, Եվրահանձնաժողովի կողմից փոխանցվել է 10.4 մլն եվրոյին համարժեք 4 մլդ 506 մլն դրամ, Լատվիայի կողմից հատկացվել է 350 հազար եվրոյին համարժեք 151 մլն դրամ, Շվեյցարիայի կողմից տրամադրվել է 1,5 մլն ֆրանկին համարժեք 675 մլն դրամ, Կանադայի կողմից տրամադրվել է 2,5 մլն դոլարին համարժեք 1 մլդ 25 մլն դրամ. ստացվում է 155 մլրդ 893 մլն դրամ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Հայկական Կարմիր խաչին է փոխանցվել 62 մլն դրամ: ՀԿԽԸ գործընկերների հետ համագործակցության շնորհիվ բռնի տեղահանված արցախցիներին աջակցելու համար ընդհանուր առմամբ կփոխանցվի 4 միլիարդ 67 միլիոն 900 հազար ՀՀ դրամի չափով աջակցություն, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ 1 մլրդ 500 մլն դրամ, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ՝ 1 մլրդ 375 մլն դրամ, Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա՝ 920 մլն դրամ, Շվեյցարական Կարմիր խաչ՝ 190 մլն դրամ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն՝ 82 մլն ՀՀ դրամ:

Հետաքրքիր է՝ ինչի վրա են ծախսվել այս միլիարդներն այն դեպքում, երբ ահազանգերը քաղաքացիներից չեն դադարում. նրանք ամիսներ շարունակ չեն ստացել սոցիալական աջակցությունները, կենցաղային, սոցիալական լուրջ խնդիրներ ունեն»։