Ի՞նչ է խորհրդանշում Ալեն Սիմոնյանի թևի դաջվածքը

Ի՞նչ է խորհրդանշում Ալեն Սիմոնյանի թևի դաջվածքը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Վանաձոր, շրջել քաղաքում, շփվել վանաձորցիների հետ, ապա այդ շրջայցից լուսանկարներ հրապարակել իր տելեգրամյան ալիքում։ Լուսանկարներին կից ԱԺ նախագահը գրել է․ «Վաղուց իմ հարազատ Վանաձորում չէի եղել»։

Ալեն Սիմոնյանի տարածած լուսանկարներից մեր ուշադրությունը գրավեց մի լուսանկար, որտեղ երևում է, որ ԱԺ նախագահը փյունիկ է դաջել իր թևին։ Չգիտենք՝ նոր է այս դաջվածքը, թե ոչ, քանզի մինչ այդ Ալեն Սիմոնյանին հիմնականում կոստյումով ենք տեսել, գուցե վաղուց կար այս դաջվածքը նրա թևին, գուցե նոր է արել։ 

Մեզ հետաքրքրեց և համացանցում փնտրեցինք, թե ինչ է խորհրդանշում փյունիկը՝ որպես դաջվածք։ 

Ըստ համացանցային տվյալների՝ փյունիկի դաջվածքն այսօր շատ տարածված է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում իր հատուկ նշանակության պատճառով: Այն մոխրից բարձրացող կրակոտ թռչնի կերպար է, որի արտաքին տեսքը նման է և՛ արծվի, և՛ սիրամարգի՝ ուժի և մեծության սիմբիոզ:

Տարբեր կայքերում նշված է, որ փյունիկի դաջվածքի իմաստը հասկանալու համար հարկավոր է ծանոթանալ լեգենդներին: Այս թռչնի մասին առաջին հիշատակումները հայտնվեցին Հին Եգիպտոսում, որտեղ մարդիկ պաշտում էին արևը: Նրանք երկրպագում էին արևի աստված Ռային:

Նրան պատկերում էին թռչնի գլխով մարդ։ Այս աստվածը բոցից է գալիս և հարության ու հավերժության խորհրդանիշն էր: Այնտեղ լեգենդ է ծնվել նաև հրեղեն թռչունների մասին, որոնք ապրել են մի քանի դար, իսկ հետո փյունիկները վառվել են իրենց իսկ բներում, իսկ ավելի ուշ իրենց մոխիրներից վեր ելնելով՝ նորոգվել ու շարունակել են ապրել։

Փաստորեն, եթե Աժ նախագահը հենց իմաստային առումով է հատուկ այս դաջվածքն ընտրել իր թևին, ապա ցանկացել է մոխրից հառնող փյունիկի հետ իրեն ասոցացնել՝ նաև փորձելով ցույց տալ, թե ինքը արծվի և սիրամարգի սիմբիոզ է։

Վահե Մակարյան