Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սուրմալուի» շենքն ամբողջությամբ ապամոնտաժվելու է․ ԱԻ փոխնախարար

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր, հիմա էլ հովացման աշխատանքներ ենք իրականացնում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ դեռևս երկու անհետ կորած քաղաքացի ունենք, 16 զոհված անձանցից մեկն էլ նույնականացված չէ։

«Եթե երկու անհետ կորածներից մեկը չնույնականացված քաղաքացին է, ապա ունենք մեկ անհետ կորած քաղաքացի»,- նշեց նա։

Ըստ Գրիգորյանի՝ անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին եղել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ, և հիմա որոնողական աշխատանքներ են իրականացվելու եռահարկ շինության մոտակա տարածքներում։

«Դա որոշակի դժվարություններ է առաջացնելու, քանի որ փլուզման վտանգ կա։ Բայց այս պահին որոնողական աշխատանքներ ենք իրականացնելու այդ հատվածի փլատակների տակ։ Մասնագետներ ենք հրավիրել մեր նախարարության սեյսմիկ ծառայությունից, որ հասկանանք՝ ինչպես իրականացնենք աշխատանքները, որ մեր մասնագետները չտուժեն։ Այս պահին շինության շրջակայքի հովացման աշխատանքներ են տարվում»,- ներկայացրեց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ քիչ հավանական է, որ այսօր կավարտվեն որոնողական աշխատանքները, բայց այդ հարցն էլ պետք չէ բացառել։

«Այսօր պետք է մտնենք շենքի ներս՝ որոնողական աշխատանքների։ Եթե այսօր այդ երկու անհետ կորած քաղաքացիներին հայտնաբերենք, ապա որոնողական աշխատանքները կդադարեցվեն»,- նկատեց նա։

Արտյուշ Գրիգորյանը նշեց նաև, որ այսօր գործի է դրվելու նաև ծանր տեխնիկա, թեև շարունակվելու են նաև կինոլոգիական շների միջոցով որոնողական աշխատանքները։

«Շենքի մուտքի մոտ ու առաջին հարկում ենք այսօր որոնողական աշխատանքներ անելու, և այս պահին չեմ կարող ասել՝ ինչ տեխնիկա է գործի դրվելու»,- նշեց նա։

Բացի այդ, ԱԻ փոխնախարարը նշեց, որ շենքն ամբողջությամբ ապամոնտաժվելու է։

Send