«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով կալանավորված Արա Բադոյանը դիմել է Մարդու իրավունքների եվրապական դատարան ու ներկայացրել իր շուրջ կատարվող իրադարութունները, թե ինչպես են իրեն ապօրինի կերպով պահում կալանքի տակ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՄԻԵԴ-ը հետաքրքրվել է գործով ու Հայաստանից տվյալ դեպքի մասով փաստաթղթեր եւ այլ հավելյալ տեղեկություններ է խնդրել տրամադրել:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մինչ քաղաքական դաշտը ամառային արձակուրդներն է վայելում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երեւանում բակային հանդիպումներ է անցկացնում, որոնք, մեր տեղեկություններով, ուղեկցվում են ուժայինների տոտալ հսկողությամբ։
Հանդիպումից ժամեր առաջ ՆԳՆ աշխատակիցները դեսանտ են իջնում տվյալ տարածք, իսկ հավաքի ողջ ընթացքում այդ զորքին վերահսկում եւ կառավարում է կարմիրբերետավորների պետ հայտնի Հայկազ Ջոմարդյանը։
«Դեպքի վայրում» նաեւ օպերատիվ համարներով մեքենաներ են շրջում, որոնց միջից հեռախոսներով տեսանկարահանում են ցույցի մասնակիցներին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Բրազիլիայից Հայաստան ժամանած մի ուղեւորի ձեռքին ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շիշ են նկատել, հետաքրքրվել են՝ ինչ է մեջը, բրազիլացին պատասխանել է՝ գինի։ Մաքսայինի աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են բրազիլացուն խմել այն, որը խմելուց հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ նա րոպեներ անց մահացել է։
Պարզվել է, որ շշի մեջ թմրանյութ է եղել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Անցած շաբաթ Վայոց Ձորի մարզ կատարած այցի ընթացքում ՔՊ-ական պատգամավորները մի լուսանկար էին հրապարակել, որում իրենց կողքին, իրենց հետ թեւ-թեւի նստած էր մի զինվորական:
Խոսքը Վահան Յայլոյանի մասին է, ով ներկայումս Զանգակատան զորամասի հրամանատարն է, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է Հադրութի գնդի հրամանատարը, սակայն կարճ ժամանակում նրան ազատեցին` մարտերը ձախողելու համար, անգամ իշխանական շրջանակները հայտարարում էին, թե Հադրութի գնդի հրամանատարը փախել է մարտի դաշտից` հայրենի հողն առանց կռվի թողնելով թշնամուն։
Նրանով մինչեւ անգամ իրավապահներն էին զբաղվում, սակայն ի տարբերություն շատուշատ արժանավոր զինվորականների, որոնք այս տարիներին հեռացվել են համակարգից, Յայլոյանը կրկին բարձր պաշտոն է զբաղեցնում՝ Զանգակատան զորամասում, քանի որ ըստ մեր աղբյուրի՝ Սուրեն Պապիկյանի մտերիմն է։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ճանապարհների ապաշրջափակման կետը խաղաղության պայմանագրի տեքստից հանելու համար Նիկոլ Փաշինյանը մեծ ջանքեր է գործադրել՝ իր արեւմտյան մեկենասներին համոզելով, որ այդ կետը ներառելը կարող է դնել իր իշխանության տապանաքարը։
Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Արեւմտյան գործընկերներին Փաշինյանը ներկայացրել է ներքին հարցումների արդյունքներ, համաձայն որոնց իր իշխանության վարկանիշը պատմական նվազագույնի է հասել: Նա բացատրել է, որ եթե այս մի զիջմանն էլ գնա այս փուլում, ապա դա կարող է երկրում իրավիճակի արտահերթ սրման բերել եւ այդ դեպքում` անգամ ամենափայլուն փիառն ու հեծանիվ-տոլմա շոուն չի փրկի եւ ՔՊ-ն չի կարող անգամ երազել իշխանության վերարտադրության մասին։
Եւ Արեւմուտքն ու մեր հարեւանները համաձայնել են հարցի նման լուծմանը: պայմանավորվել են կողմերի միջեւ կնքել մի ձեւական փաստաթուղթ, որում տեղ չի գտնի հիմնական կռվախնձորը` այն կթողնվի հետագա բանակցություններին: